Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները
23.01.2024
«Ուսուցիչը» հանրապետական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին է արժանացել Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Ավետիսյանը:
Երևանի «Ռուսական գրքի տան»՝ «Լիվըր» ընկերության հետ համատեղ կազմակերպած մրցանակաբաշխության եզրափակիչ հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ հունվարի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, մրցանակների արժանացան նաև հաղթողները «Դեբյուտ», «Երիտասարդ ուսուցիչ», «Վարպետ», «Նորարար», «Ուսուցիչ-կազմակերպիչ», «Ուսուցիչ՝ հավերժ աշակերտ», «Ապրում եմ՝ դպրոցով», «Առաջին ուսուցիչ» , «Իմ ընկեր՝ ուսուցիչ», «Ճակատագրական ուսուցիչ» անվանակարգերում: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել մայրաքաղաքի և մարզերի դպրոցների 382 ուսուցիչ։
Գլխավոր մրցանակակիրը պարգևատրվեց 1.000.000 ՀՀ դրամով, 300.000-ական դրամ շնորհվեցին անվանակարգերում հաղթողնեին, իսկ հատուկ մրցանակին՝ ուղևորություն Սանկտ-Պետերբուրգ, արժանացան Գոհար Մելտոնյանը՝ Երևանի Դ. Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոցից և Հասմիկ Բիշարյանը՝ Մ. Մաշտոցի անվան երկարօրյա ուսումնական համալիրից:
Ըստ կազմակերպիչների՝ «Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել, բարձրացնել «ուսուցիչ» մասնագիտության սոցիալական կարգավիճակը և տարածել լավագույն մանկավարժական փորձը:
«Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցույթում Գլխավոր մրցանակին արժանանալն ինձ համար նոր պատասխանատվություն եւ պարտավորվածություն է թելադրում, քանի որ մրցույթին մասնակցելու իմ նպատակն իրականում ինքս իմ ուժերը փորձելու, ոլորտում ինչ-որ առումով իմ նորարարական մտքերի տեղն ու դերը գնահատելն էր։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին մեզ՝ ուսուցիչներիս դրսևորվելու հնարավորություն ընձեռելու համար»,- ասում է Լիլիթ Ավետիսյանը: Դիտվել է 1783 անգամ
|