Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակական կյանքում կայացած կինն իրեն ավելի վստահ է զգում ընտանիքում

03.04.2014

Ladynews.am-ի «Բիզնես լեդի» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք հարցազրույց «Աերոֆլեքս» ֆիզիկական կատարելության կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանի հետ:

- Ձեր կարծիքով, որքանո՞վ է համադրելի հայ կնոջ ավանդական նկարագիրն արդի ժամանակներում բիզնես լեդի հասկացության հետ:

-Ինձ թվում է, կյանքն այնպես շրջվեց, որ բոլորս, ովքեր սովորել և ապրել ենք թե խորհրդային տարիներին, և թե հետխորհրդային շրջանում, պետք է կարողանայինք մեր մեջ ուժ գտնել հարմարվելու կենսակերպի կտրուկ փոփոխություններին: Ամենքս սկսեցինք անհանգստանալ մեր և մեր զավակների անկանխատեսելի կյանքի համար: Սկսեցինք ջանքեր գործադրել նախ մեր սովետական մտածելակերպը փոխելու ուղղությամբ, հետո հայ ավանդական կնոջ դերը վերանայելու առումով: Ոմանց դա հաջողվեց, ոմանք հայտնվեցին ծայրահեղ վիճակների մեջ: Կյանքի բերումով, հայ տղամարդու վիճակը վատթարացավ` անգործություն, անելանելիություն, նրա հեղինակությունը խամրեց, մեծ մասը մեկնեց արտերկիր: Կանայք ստիպված էին հանապազօրյա հացի խնդիր լուծել: Այսինքն պայմանները ստիպեցին, որ մենք փորձենք ստեղծել եկամտի մեր աղբյուրը: Ինձ թվում է` հայ կնոջ հոգեկերտվածքը թույլ է տալիս լավագույնս դիմակայել կյանքի մարտահրավերներին: Հայ կինն ունի ճկուն միտք, կարողանում է ցանկացած իրադրությունից դուրս գալ առանց լուրջ վնասների:

Իհարկե, մեր կանանցից շատերը նախընտրում են նստել տանը` տնային տնտեսուհիների դերում և անմասն լինել աշխարհի անցուդարձին, վախենում են քայլ անել դեպի իրենց պատկերացումներն ու իդեալները: Բայց, երբ աչքի առաջ ունենում են կայացած կնոջ օրինակներ, աստիճանաբար սկսում են մտածել, որ իրենք էլ կարող են ստեղծել աշխատանքի սեփական դաշտը: Ենթադրում եմ, որ նրանց վախերն ավելի հաճախ գալիս է հասարակական դրվածքից, չէ որ ակտիվանալ, նշանակում է մտնել նոր շփումների մեջ, հարցեր քննարկել, որոշումներ կայացնել: Իսկ մեր ազգային մտածողության մեջ կնոջ ակտիվությունը պետք է սկսվի և ավարտվի զուտ ընտանեկան շրջանակներում: Ինչ խոսք, դա շատ լավ մոդել է, եթե սոցիալական պայմանները թույլ են տալիս: Բայց ես կասեի, որ անգամ այդ տիպի կանայք որևէ ոլորտում իրենց պրոֆեսիոնալ պետք է զգան, որևէ հասարակական գործունեություն ծավալեն, այլապես առօրյա միօրինակությունը ևս կարող է անձի մեջ դեպրեսիայի հիմքեր առաջացնել, ինչն անմիջապես կանդրադառնա ընտանիքի անդամների վրա:

 600x580

-Ինչպիսի՞ն են, ըստ ձեզ, բիզնես-լեդի որակված կանանց խառնվածքի առանձնահատկությունները, բնավորության ինչպիսի գծեր նրանք պետք է ունենան գործարարության ասպարեզում հաջողության հասնելու համար:

-Կանանց այդ տեսակն ունի անհատական վառ գծեր, նպատակասլացություն, հասարակության մեջ իր ուրույն դերն ունենալու ձգտում և, ինչու ոչ, ֆինասնական և հոգեկան անկախություն: Այո, այդ ամենը բնորոշ է առաջնորդի խառնվածքին:

Անձամբ իմ դեպքում, ես չէի ցանկանում աշխատել ինչ-որ մեկի ենթակայության ներքո, համարում էի, որ ինքս ինձ բոլորից շատ կարող եմ «լծել» և դա կանեմ իմ սեփական գործի համար: Էլ չեմ ասում, որ, երբ դու քո ներդրած ջանքերին համապատասխան չես վարձատրվում, քեզ զգում ես շահագործված, սկսում ես ընկճվել, կորցնում ես աշխատանքի հանդեպ ստեղծագործական մոտեցումը: Իսկ քո գործը ունենալիս, քո դրած էներգետիկ ջանքերը արդարացված են:

Որևէ ոլորտում կայանալու համար շատ կարևոր է, որ դու կատարես մարդկանց համար բարի գործ, զգաս դիմացինի երախտագիտությունը և ինքդ էլ շնորհակալ լինես ընձեռված հնարավորության ու արված աշխատանքի համար:
Ամենակարևորը, պետք է կարողանալ շրջակա միջավայրում փոփոխվել, բայց չկորցնելով քո դեմքը, քո ես-ի առանձնահատկությունները: Պետք է կարողանալ հարմարվել թե շուկայական հարաբերություններին, թե ունենալ վստահություն քո ուժերի հանդեպ, խուսափելով սոցիալ-բարոյական ազդեցություններից: Այդ դեպքում կարող ես հասնել բարձունքների:

-Ո՞ր պահից սկսած կամ ի՞նչ ազդակների հետևանքով դուք որոշեցիք սկսել ձեր սեփական գործը:

-Ամբողջ կյանքում ես ունեցել եմ ռջնորդին բնորոշ հատկություններ. դեռ դպրոցական հասակում եղել եմ դրուժինայի նախագահ, կոմերիտմիության քարտուղար: Ինձ համար միշտ դժվար էր ենթարկվել ինչ-որ մեկի: Ուսանողական տարիքում ինձ միշտ հրավիրում էին դասախոսություն կարդալու, մի քանի տարի աշխատեցի որպես դասախոս, որպես մասնագիտական տարբեր ուղղվածություններով խորհրդատու, բայց միշտ մտածում էի, որ իմ մասնագիտությունը պետք է ինձ օգնի: Մի քանի անգամ, իհարկե, փորձել եմ լրիվ այլ բնագավառներում ինձ տեսնել, բայց երբ որոշում էի ոչ մասնագիտական ինչ-որ բան գտնել, հանկարծ հանդիպում էին աշխատանքներ իմ մասնագիտութան հետ առնչվող: Ես մասնագիտությամբ կենսաբան եմ, ֆիզիոլոգ և, կարելի է ասել, այս կարգի մասնագիտությամբ աշխատանք ճարելը բավականին բարդ էր: Բացի ուսուցչի կամ դասախոսի աշխատանքից ուրիշ բան չէի էլ սպասում, որ առաջարկվի: Ունեի երազանք` առաջին հերթին նիհարել, երկրորդը` ունենալ սեփական գործ: 2004թ. պատահաբար ստանում եմ այդ երկուսը միասին: Ինչպես գիտեք, դրական տրամադրվածությունը նպաստում է այդ իղձերի իրականացմանը, և պատահաբար իմացա Ս.Պետերբուրգում դասընթացի մասին, որը նիհարեցնող ծրագիր էր: Որպես ֆիզիոլոգ, հասկացա, որ այն ունի ավելի խորը հիմքեր, արդյունքում` որոշեցի զարգացնել այդ ուղղությունը: Մշակեցի սեփական համալիր ծրագիրը և, առաջինը կիրառելով ինձ վրա, երեք ամսվա ընթացքում մոտ 15 կիլոգրամ նիհարեցի, ինչը լավագույն գովազդն էր: Այս 10 տարիների ընթացքում առավել կատարելագործելով այդ ծրագիրը, որը կառուցված էր շնչառական և ֆիզիկական վարժությունների զուգակցման հիման վրա, ձևավորվեց այն, ինչը ներկայումս մեծ հաջողությամբ կիրառվում է իմ կենտրոնում: Կարևորը, որ ես գերագույն հաճույք էի ստանում, երբ մարդկանց կարողանում էի օգտակար լինել, տեսնում էի հաճախորդներիս հիացական զգացմունքները, լավ ինքնազգացողության վերականգնումը: Այնպիսի խնդիր չկա մարդու առողջության հետ կապված, որ չի կարգավորվում թթվածնային, մեր կենտրոնի առաջարկված ծրագրերի միջոցով:

 600x580

-Որո՞նք էին ձեր առաջին քայլերը այդ ասպարեզում: Ինչպիսի՞ վախեր կամ տագնապներ ունեիք նախնական փուլում, արդյոք կա՞ր լրացուցիչ օժանդակություն հարազատների կամ մտերիմների կողմից:

-Երբ որոշում էի կայացնում գործ սկսել, թեկուզ քիչ աշխատավարձով, բայց կայուն` վախերը, կասկածները միշտ կային: Ըստ էության, ցանկացած բնագավառում էլ կարողանում էի իմ ունակությունները դրսևորել, բայց միշտ համարում էի, որ ուրիշի համար եմ աշխատում, հոգեկան բավարարվածություն չէի զգում: Ս. Պետերբուրգից երեք ամիս էր, ինչ վերադարձել էի ու ոչինչ չէի ձեռնարկում: Հետո որոշեցի հրավիրել հետաքրքրված հաճախորդների ու սկսել գործել: Նախ բացեցի «Աերոֆլեքս»-ի Քոչար փողոցում գտնվող մասնաճյուղը, որը մինչև օրս էլ գործում է: Սկզբում թվով քիչ հաճախորդներ ունեի, ավելի ճիշտ, երբ սկսում էի, ունեի ընդամենը երկու հաճախորդ, բայց չէի նեղվում: Հետևողական աշխատանքը հետագայում բերեց արդյունքներ և տվեց դրա հիման վրա զարգացող բիզնես: Բնականաբար, դժվար տարիներ էին, գումարած ընտանիք, փոքր երեխաներ: Որևէ նոր բան նախաձեռնելը բարդ էր, բայց հավատս մեծ էր, թողեցի ամեն բան ու միանգամից սկսեցի գործել: Իրականում մինչև քո ողջ ուժը չես ներդնում քո հիմնական գործի մեջ, աշխատանքը պտուղներ չի տալիս:

-Եղա՞ն վրիպումներ բիզնեսի կայացման ընթացքում, եթե այո` որո՞նք էին և ինչպե՞ս էիք դրանք հաղթահարում:

-Վրիպումները, հիմնականում, լինում էին օրենսդրության, մասնագիտական հարցերում, հարկային դաշտին անծանոթ լինելուց: 2004թ-ին երբ սկսեցինք, աշխատում էինք պոլիկլինիկայի հովանու ներքո, հարկային դաշտի հետ խնդիրներ չկային: Անկախանալուց հետո այդ խնդիրները լրջացան, եկամուտները դեռ չէին բավարարում, որպեսզի հաշվապահ վերցնեի, ինքս գնում էի հարկային տեսչություն, սկսում էի հարցեր տալ, ըստ այդմ` անհրաժեշտ քայլերը կատարել: Քանի որ նման ուղղվածություն դեռ չկար Հայաստանում, մարդկանց հետ խորհրդակցելով, ճիշտն ու սխալը տարանջատելով, բավական դժվարություններով առաջ էի ընթանում: Սկսեցի աստիճանաբար վերապատրաստել մասնագետներ, որպեսզի ինձ օգնեն: Այդ տարիներին բավականին առաջարկներ կային նույնից դրսում բացելու: Փորձեցի Մոսկվայում բացել, սակայն, չունենալով համապատասխան որակավորումով մասնագետներ, վերադարձա և սկսեցի մեծ թափով տեղում զարգացնել այս ուղղությունը: Եթե այդ ժամանակ լինեին ինձ օգնողներ, խորհրդատուներ, ես կկարողանայի միաժամանակ երկու երկրներում էլ զարգացնել այս գործը: Վրիպումներից, երևի դա կնշեի, որն, իհարկե, վրիպում չի, չեմ զղջացել, բայց վատ չէր լինի:

-Ինչպե՞ս եք համատեղում գործարարությունն ընտանեկան կյանքի հետ, ինչպիսի՞ դրական և բացասական կողմեր ունի այդ հարաբերությունը:

-Բնական է, երբ ժամանակիդ մեծ մասը տրամադրում ես աշխատանքին, ընտանիքիդ, երեխաներիդ հետ հարաբերությունները տուժում են: Բայց կարողացանք ինչ-որ կերպ հաղթահարել նաև այդ փուլերը: Ասում են` ամուսինը չի օգնում, բայց նաև չի խանգարում: Շատ կարևոր է, երբ հարազատները հասկանում են, որ այս ամենն արվում է ընտանիքի բարoրության համար: Մի տարօրինակ երևույթ կա` որքան զբաղված ես լինում, այնքան ճիշտ ես կազմակերպում թե դրսի գործերը, թե ընտանքիդ հետ կապված հարցերը, նույնիսկ` ավելի շատ բան հասցնում անել, քան, եթե ուղղակի տանը լինես: Տնային տնտեսուհիները կարող են ամբողջ օրը զբաղված լինել իրենց հոգսերով ու, ի վերջո, տան գործը չավարտվի: Երբ դու ունես քո բիզնեսը, հասցնում ես և այն, և այն: Ավելի ես համախմբում ուժերդ ու արդյունավետ ես օգտագործում ժամանակդ:

 600x580

-Ձեր կարծիքով, մեր իրականության մեջ արդյոք հնարավո՞ր է, որ ընտանեկան առօրյա կյանքով ապրող հայ կինը փորձի ինքնառեալիզացվել հասարակության մեջ որպես ինքնուրույն անհատ և ինչ խնդիրներ պետք է հաղթահարի դրա համար:

-Եթե տան վաստակն ապահովում է ամուսինը, կինը ստանձնում է տան հոգսերը հոգալու առաքելությունը: Մեզ մոտ հիմնականում այդ մոդելն է տարածված: Այո, ընտանիքի մայրերին հեշտ չի ինքնուրույն կայանալ, նրանք սովորում են իրենց այդ կարգավիճակին, կամ որքան էլ փորձում են առաջ գնալ, հայ տղամարդը իր մենտալիտետով կարող է թույլ չտալ ստեղծել սեփական գործ: Բայց հիմա շփումը մեծացել է այլ երկրների, այլ մշակույթների, այլ մտածելակերպերի հետ: Հիմա ավելի հաճախ կարելի է հանդիպել, երբ տղամարդն ու կինը միասին են գործում, ունեն համատեղ բիզնես, որը շատ ողջունելի է: Երբ ընտանիքն ամբողւությամբ իր ջանքերը գործադրում է, ուրիշին չի վարձատրում, ավելի շատ եկամուտ է գալիս  ընտանիք: Կան դեպքեր, երբ բացասաբար է ազդում ընտանեկան հարաբերությունների վրա, անգամ միասնությունը քայքայվում է: Հարցեր են առաջանում, որոնք մեծ բարդույթներ են առաջացնում տղամարդկանց մոտ, և կինը պետք է այնքան խոհեմ լինի, որ կարողանա պահպանել ընտանիքը և բիզնեսը միաժամանակ:

-Ինչպե՞ս պատահեց, որ ընտրեցիք գործունեության այդ ուղղությունը, որի մասին, կխնդրենք, մի փոքր մանրամասն պարզաբանումներ տաք:

-«Աերոֆլեքսը» համարվում է բժշկական կենտրոն, որը ավելի շատ մարզառողջական ուղղվածությամբ, ֆիզիկական վարժությունների և նոր տեխնոլոգիաների, սարքավորումների, ֆիզիոթերապևտիկ մեթոդների համադրում է: Մենք փորձում ենք բնական մեթոդներով կատարել օրգանիզմի ճիշտ կարավորում: Առաջին հերթին ճշգրիտ հետազոտություններ, օրգանիզմի մաքրման ճիշտ ծրագրեր կիրառել: Տասը տարի առաջ «Աերոֆլեքսը» սկսեց գործել որպես զուտ շնչառական մարզումների կենտրոն, ինչը արվում էր իմ կողմից մշակված համակցություններով: Ես որպես ֆիզիոլոգ, ընթացքում կարողացա տեսնել, թե ինչ հիվանդությունների ժամանակ ինչ տարբեր մեթոդների, յոգայի, արևելյան մեթոդների, արևմտյան ուղղությունների զուգակցումից կարելի է ստանալ այս կամ այն արդյունքը: Շնչառական մարզումներին զուգընթաց տեսանք, որ Հայաստանում շատ են օստեոխոնդրոզներով տառապողները: Եթե առաջին տարիներին իմ հաճախորդները քիչ թե շատ ապահով խավից էին, միջին տարիքի կանայք, հիմա մենք չունենք ոչ տարիքային, ոչ սոցիալական և ռեգիոնալ սահմանափակումներ: Մեզ դիմում են ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Վերջիններիս հետ պարապմունքներ ենք անցկացնում կամ այստեղ, կամ ուղղակի հեռահար հսկողություն ենք պահպանում մեզ դիմած մարդկանց առողջական խնդիրների թերապիայի ընթացքում: Շատ են դիմում երեխաներ` տարբեր առողջական խնդիրներով:

Առաջին հերթին կատարվում են մի քանի հետազոտություններ, որոնք ավանդական բուժկենտրոններում չեն իրականացվում. նախ` իրականացվում են արյան շրջանառության հերմոդինամիկ մազանոթային ցանցի, թթվածնային անբավարարության, մկանային, ողնաշարային տոնուսի, մի խոսքով այն հետազոտությունները, որոնք, համենայն դեպս կան այդպիսի փաստեր, որ միայն մենք ենք իրականացնում: Առանց արյուն վերցնելու կարողանում ենք ախտորոշել այնպիսի ախտահարումներ, որոնք շատ անգամ քողարկված են մնում բժշկական հայտնի մեթոդներով հետազոտելիս: Նույն մակաբուծային ախտահարումները բուժելիս հիվանդների մոտ մնում են դրանց հետևանքով առաջացած թունավորումներ, որոնք մեր մեթոդների հիման վրա հաջողվում է մաքրել օրգանիզմից: Մանրամասն տեղեկատվություն կա մեր կայքում, ինչպես նաև մեր ֆեյսբուքյան էջում, որոնց կարելի է ծանոթանալ: Մեր ուղղությունները ներառում են առողջական հետևյալ խնդիրները` աղեստամոքսային տրակտ, սրտանոթային, ողնաշարային, ալերգիկ դրսևորումներ, բրոնխային կամ ասթմատիկ պրոբլեմներ: Թթվածնով մենք վերականգնում ենք սկսած հոդային խնդիրներից մինչև լիմֆատիկ համակարգերի խանգարումներ, թթվածնի ուղղորդված ճանապարհով հագեցմամբ կատարվում է ճարպերի այրում, տոքսինների դուրս բերում: Նույն կերպ կարգավորվում է արյան ճնշման խանգարումներ ունեցող մարդկանց առողջական վիճակը` առանց դեղորայքի: Շատ անգամ գնում, արյան անալիզներ են տալիս, որոնք ցույց են տալիս, որ ամեն ինչ նորմալ է, սակայն մարդն իրեն թույլ է զգում, հոգնած, չի կարողանում հասկանալ խնդրի էությունը: Պատճառն այն է, որ դա հիմնականում ֆիզիոլոգիայի խնդիր է: Արյան մազանոթային ցանցը կարող է չհասցնել թթվածին մատակարարել այս կամ այն բջջին: Սարքը, որով մենք ախտորոշում ենք, գործածվում է Եվրոպայում, Սինգապուրում, Քուվեյթում, այն երկրներում, որտեղ բժշկությունը գտնվում է բարձր մակարդակում:

 600x580

- Որքանո՞վ է իրեն երջանիկ զգում գործարար կինը նրանց համեմատ, ովքեր զբաղվում են զուտ ներընտանեկան խնդիրների հաղթահարմամբ

-Երբ կինը հասարակական կյանքում կայացած է լինում, իրեն ավելի վստահ է զգում ընտանիքում: Այդ կենսակերպը ստիպում է նրան լինել խնամված, ներկայանալի, որովհետև հասրակության մեջ է և շփումը մեծ է: Տան պայմաններում նույն կերպ հնարավոր չէ լինել: Հայ կնոջը հատկապես առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել թե արտաքինին, թե կեցվածքին, թե առողջությանը: Մենք միշտ ամեն ինչ անում ենք երեխաների, ընտանիքի համար և մոռանում մեր սեփական անձի մասին, որը առաջին հերթին պետք է առողջ լինի թե ֆիզիկապես, թե հոգեպես: Այս երկուսը իրարից անբաժան են, մեկը բխում է մյուսից: Պետք է ունենաս ձգտումներ, ինքդ քո առջև դնես համապատասխան նպատակներ և փորձես իրականացնել: Նստել տանը ու սպասել, որ ինչ-որ մեկը դա կանի քեզ համար` առնվազն միամտություն է: Կայացած կանայք և իրենք իրենց են երջանկացնում, և ընտանիքի անդամներին: Դա խաբկանք է, երբ շատերը համարում են, որ մեր տղամարդիկ նախընտրում են զուսպ ու հնազանդ կանանց: Նման բան կարելի է ասել միայն այն տեսակի մասին, որոնք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Առողջ և կյանքով լի տղամարդը իր կողքին նախընտրում է տեսնել անհատականություն, կին, որը այս մեծ աշխարհում ունի իր ուրույն տեղը: Այդպիսի զույգը ապրում է իրար լրացնելով, և այդօրինակ մթնոլորտում ապրող երեխաները ևս երջանիկ են ու իրենց զգում են ծնողների սիրով պաշտպանված:

-Ձեր խորհուրդը հայ կանանց:

-Սիրելիներս, հայ կին տեսակն այնքան բազմազան է, այնքան բազմագույն, այնքան տաղանդաշատ ու խոհեմ, միաժամանակ այնքան նազելի: Ազատ թողեք ձեր մեջ եղած ձիրքերը, հնարավորություն տվեք ձեր ես-ին հաճույք ստանալ այս կյանքից և նույնը պարգևել այլոց: Կյանքը բացառիկ շնորհ է, պետք չէ այն զոհաբերել ինչ-ինչ անիմաստ պայմանականությունների ու ներքին վախերի: Սկսեք պատասխանատվություն կրել ձեր կյանքի ու ձեր պատկերացումների հանդեպ և կտեսնեք, թե ինչքան դռներ կբացվեն ձեր առջև:

Մեր բոլոր կանանց մաղթում եմ իրական սեր, բերկրանք, առողջ մարմին և առողջ ոգի: Իմ կարծիքով, սրանք են երջանկության անբեկանելի բաղադրիչները:

Հարցազրույցը` Լիլիթ Պետրոսյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7508 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2024 12:11
Գարնանը մարդիկ հաճախ ունենում են դյուրագրգռություն և անբացատրելի անհանգստություն, որի առավելագույն դրսևորումը կարող է լինել խուճապի նոպան: Վերջինիս հիմնական նշաններն են սրտի արագ  բաբախյունը, շնչահեղձությունը, վատառողջությունը և տարբեր վայրերում ցավերը: Մասնագետները խորհուրդ են տալիս չվախենալ նման իրավիճակում բժշկի դիմելուց և չփորձել ինքնուրույն հաղթահարել:
19-04-2024 12:06
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայացնի երկու շոու՝ «Cinema Medley «Interstellar»-ը և «Cinema Medley «Oppenheimer»-ը: Համերգները տեղի կունենան մայիսի 18-19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Cinema Medley» համերգին կհնչեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ» և այլ ֆիլմերի սաունդթրեքեր:
19-04-2024 12:03
Մեզի թեստը կարող է տարբերել դանդաղ աճող շագանակագեղձի քաղցկեղը նրա ագրեսիվ ձևից: Այս տեղեկատվությունը բժիշկներին թույլ կտա ավելի քիչ շագանակագեղձի անհարկի բիոպսիա պատվիրել, հայտնում են JAMA Oncology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները: 20 տարի առաջ բժիշկները բուժում էին շագանակագեղձի ցանկացած հայտնաբերված քաղցկեղ։ Սակայն հետազոտությունները հանգեցրել են մարտավարության վերանայման. այժմ հաճախ խորհուրդ է տրվում բուժել միայն արագ աճող շագանակագեղձի քաղցկեղը:
19-04-2024 12:00
Վիկտորյա Բեքհեմը լուսանկարվել է ELLE Spain-ի ֆոտոշարքում եւ բացահայտել ամուսնու՝ Դեւիդի հետ իր երջանիկ ամուսնության գաղտնիքը։ 50-ամյա դիզայները, ով 25 տարի ամուսնացած է նախկին ֆուտբոլիստի հետ, հարցազրույցում խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Վիկտորյան նշել է, որ Դեւիդը ոգեշնչում է իրեն, եւ խոսել է իրենց ամուսնությունը կենդանի պահող միակ բանի՝ ծիծաղի մասին։
19-04-2024 02:16
42-ամյա Նատալի Պորտմանն աղմկահարույց ամուսնալուծությունից հետո լուսանկարվել է միկրոշորտերով։ Պորտմանը լուսանկարվել է իտալական L՝Officiel-ի նոր համարի համար: Շապիկի համար ընտրվել է մի կադր, որտեղ դերասանուհին համբույր է հղում տեսախցիկի ուղղությամբ՝ կրելով  թափանցիկ ցանցավոր զգեստ Dior-ից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 706 անգամ
16.04.2024
Դիտվել է 233 անգամ
17.04.2024
Դիտվել է 192 անգամ
18.04.2024
Դիտվել է 131 անգամ
19.04.2024
Դիտվել է 90 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster