Ինպե՞ս լուծել զոքանչ-փեսա կոնֆլիկտը. խորհուրդներ հոգեբանից
18.08.2012
«Ես ինձ նալի ու մեխի մեջտեղում եմ զգում»,- գանգատվել էր հոգեբան Լիկա Ալեքսանյանի հաճախորդներից մեկը հերթական այցի ժամանակ: Այս խնդիրը գուցե ոչ բոլորին, բայց շատերին է ծանոթ. ի՞նչ անել, երբ սիրելի մայրդ ու սիրելի ամուսինդ ոչ մի կերպ ընդհանուր լեզու չեն գտնում:
Լիկա Ալեքսանյանը վկայում է, որ իր պրակտիկայի ընթացքում ընդամենը 3-4 նման դեպքի է հանդիպել' բոլորն էլ անչափ բարդ ու անլուծելի թվացող, քանի որ մոր ու սիրելիի կոնֆլիկտի մեջտեղում կանգնած կինը միանգամից մի քանի հոգեբանական տրավմա է ապրում' նա նախևառաջ չի հասկանում ինչ անել, վախենում է ստիպված լինել բաժանվել կա'մ մորից, կա'մ ամուսնուց և, վերջապես, վախենում է պաշտպանել կողմերից մեկին և, դրանով իսկ, նեղացնել մյուսին:
Դստրիկ-անձ-կին. ըստ Լիկա Ալեքսանյանի' Հայաստանում մայրերի թիվ մեկ սխալն հաճախ հենց այն է, որ նրանք չեն ընդունում այս տրամաբանական շղթան, չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց երբեմնի դստրիկը մեծացել է ու սեփական ընտանիքն ունի: Հոգեբանը գտնում է, որ հենց այստեղից էլ սկիզբ է առնում զոքանչ-փեսա կոնֆլիկտների անվերջ թվացող շարքը. «Հայ մայրերը պարզապես կախվածություն ունեն իրենց զավակներից: Այլ երկրներում դուստր-մայր կապն ավելի թույլ է և այնտեղ աղջիկներն ավելի հեշտ են ամուսնանում ու անկախ ընտանիք կազմում: Մեզանում բոլոր երեխաները հավերժ երեխա են մնում իրենց ծնողների համար, իսկ նրանց ընտրյալները հետագայում ծնողների կողմից դիտարկվում են որպես «բռի անձինք», ովքեր եկել են ու փորձում են ժամանակից շուտ հասունացնել իրենց «փոքրիկին»: Բայց սա չի նշանակում, թե պետք է ողջ մեղքը բարդել մոր ուսերին: Մայրերը, որպես կանոն, այդպես են վարվում չգիտակցված, քանի որ ժամանակին նույն կերպ իրենց հետ վարվել են իրենց մայրերը: Կա նաև մեկ այլ հետաքրքիր կողմ: Շատ ծեծված բայց շատ ճիշտ արտահայտությունն ասում է, թե «մոր սիրտը իմաստուն է»: Իրականում այս խոսքի մեջ մտածելու բան շատ կա: Գուցե Ձեր մայրը իրոք Ձեր ընտրյալի մեջ տեսնում է այն, ինչ դուք չեք տեսնում սիրահարի վարդագույն ակնոցների տակից»:
Մի խոսքով' զոքանչ-փեսա կոնֆլիկտն ունի զուտ հոգեբանական արմատներ ու գալիս է շատ հնուց: Այնուամենայնիվ, ըստ Լիկա Ալեքսանյանի, պետք չէ մտածել, թե ամեն ինչ կորած է: Հակառակը' պետք է գործել: Նախ հոգեբանը խորհուրդ է տալիս նայել իրադրությանը երրորդ կողմի հայացքով: Փորձեք հասկանալ, թե ինչ է զգում Ձեր մայրը: Գուցե նա իրոք իրավացի է և կոնֆլիկտի է գնում նույն այն պատճառով, ինչ պատճառով հաճախ մանուկ տարիներին գոռում էր Ձեզ վրա ու մատ թափ տալիս: «Հապա մի հիշեք. չէ՞ որ այն ժամանակ մենք հասկանում էինք, որ ծնողները նեղացնում են մեզ' պարզապես ցանկանալով ճիշտ դաստիարակել ու ավելի լավը դարձնել», - նշում է հոգեբանը:
Հիմա Ձեզ մոտ կառաջանա հարց' իսկ մի՞թե պարզապես մտնելով դիմացինի դրության մեջ կոնֆլիկտը կլուծվի: Ոչ, պարզապես պետք է համբերատար լինել և նույն ուշադրությամբ փորձել հասկանալ նաև ամուսնուն: Կարևորը, ըստ հոգեբանի, կոնֆլիկտի գոյությունը չանտեսելն է. «Իմ այցելուներից մեկը մինչ հետս խորհրդակցելը տանն իրեն այնպես էր պահում, ասես ոչ մի խնդիր էլ չկա: Ջայլամի նման գլուխն ավազում պահելը օգուտ չի բերում: Պետք է հստակ գիտակցել, որ խնդիր կա, ու այն լուծում է պահանջում»:
Խոսեք երկու կողմերի հետ էլ: Զգույշ և սիրալիր եղեք թե' մայրիկի, թե' սիրելիի հետ զրուցելիս: Ընդ որում, մի կարծեք, թե որքան հաճախ հանդիպեն երկու վիճաբանող կողմերը, այնքան արագ ամեն ինչ կանցնի: Հակառակը, աշխատեք ժամանակաորապես միջնորդ դառնալ այդ հարաբերություններում: Լիկա Ալեքսանյանը կարծում է, որ նպատակահարմար է ինչ-որ բաներ հորինել, օրինակ, ամուսնուն ասել, որ Ձեր մայրիկին շատ են դուր գալիս իր նման կայացած ու աշխատող տղամարդիկ, կամ նույն կերպ մորը հայտնել, թե Ձեր ամուսինը շատ է հավանում նրա պատրաստած ճաշերը և այլն: Կանցնի որոշ ժամանակ և հեռավորությունն ու Ձեր հավասարաչափ բաշխած սերն ու հոգատարությունը կմեղմեն կոնֆլիկտը:
Եվ միշտ հիշեք' ավելի հեշտ է ուղղակի ի սկզբանե թույլ չտալ, որ կոնֆլիկտ ծնվի, քան հետո փորձել կանխել այն: Այնպես որ, եթե դեռ չեք ծանոթացրել Ձեր մայրիկին սիրելի տղամարդու հետ, սկսեք գործել առաջին իսկ օրից: Սկզբի համար կարելի է մայրիկին խնդրել, որ Ձեր ապագա ամուսնու համար համեղ մի բան պատրաստի, իսկ վերջինիս էլ հորդորել Ձեր տուն այցի գնալուց առաջ միասին մտնել խանութ ու որևէ բան գնել ապագա զոքանչի համար:
Լարա Առաքելյան
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 5373 անգամ
|