Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Չեն կարող գեղեցիկ լինել այն աչքերը, որ երբեք չեն լացել. ՍՈՖԻ  ԼՈՐԵՆ

23.04.2012

Նա ամբողջ կյանքում ապացուցում է, որ իր անունը' Սոֆին (հունարենից թարգմանաբար' իմաստնություն), իրոք ճիշտ է ընտրված: Շատերն են գեղեցկության մրցույթների թագ ստանում ու սեքս-խորհրդանիշ ճանաչվում, բայց նրանցից քանի՞սն են նաև իմաստուն, քանի՞սն են, որ մտել են կինոյի անմահ պատմություն ու 70 տարեկանից հետո էլ դեռ գեղեցկուհի են համարվում...  Քչերը: Ու այդ քչերից է նա' ամենագեղեցիկ իտալուհին, տաղանդավոր դերասանուհին' Սոֆի Լորենը:

Սոֆիյա Վիլաննի Շիկոլոնեն ծնվել է 1934 թ. սեպտեմբերի 20-ին Հռոմում: Նա բոլոր ամենահայտնի կինոմրցույթների դափնեկիր է' Կաննի, Վենեցիայի,Մոսկվայի, Բեռլինի: 5 անգամ արժանացել է «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի». օտարալեզու ֆիլմում կնոջ լավագույն դերի համար առաջին դափնեկիրն է: Նրան տրվել է նաև օսկարյան հատուկ մրցանակ' «Կինոմատոգրաֆիային փայլ հաղորդող ու հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպմամբ:

Կինոէկրանից ժպտացող Լորենին շատերն են նախանձում ու չեն էլ պատկերացնում, թե ինչերի միջով է անցել դերասանուհին ու ինչեր է հաղթահարել այդտեղ հասնելու համար: Մի առիթով հենց ինքն է ասել. «Երբ որևէ դեր խաղալիս պետք է լինում տխուր տեսարան նկարահանել, ես մանկությունս եմ հիշում: Զգացողությունն ինքն է գալիս, իսկ ֆոտոխցիկը ընդամենը ֆիքսում է այն»:

Նրա մայրը' Ռոմիլդա Վիլանին, սկսնակ դերասանուհի էր, երբ ցանկացավ մասնակցել քաստինգի ու դառնալ Գրետա Գարբոյի փոխարինողը, բայց հղիությունը խանգարեց: Նա լույս աշխարհ բերեց Սոֆիյային' հույսով, որ աղջնակի հայրը' ինժեներ Ռիկարդո Շիկոլոնեն, կամուսնանա իր հետ: Բայց վերջինս կյանքն ամուսնությամբ սահմանափակելու մտադրություն չուներ: Ռոմիլդայի հույսը, սակայն, չէր մարում: Ռիկարդոյից նա ևս մեկ աղջիկ ունեցավ' Աննա- Մարիային: Շուտով, իհարկե, պարզ դարձավ, որ Ռոմիլդան այդպես էլ միայնակ մայր է մնալու, իսկ նրա երկու երեխաներին տարիներ շարունակ տանջելու են կարիքն ու սովը: «Մանուկ հասակում ինձ ամենուր վախն էր ուղեկցում, - հետագայում հիշել է Սոֆի Լորենը: - Ես վախենում էի, որ էլի ուտելու բան չենք ունենա: Վախենում էի, որ դպրոցում երեխաները կծիծաղեն վրաս, որովհետև ես ապօրինի կապից ծնված երեխա էի»:

Շիկոլոնեի տանը որևէ բան չկար, անգամ՝ մահճակալ երեխաների համար: Երեքով մի մահճակալի էին քնում և այն էլ շատ շուտ' տանջող սովը չզգալու համար: Սոֆիյան ու քույրը խաղալիքներ չունեին: Նրանք հացից տիկնիկներ էին պատրաստում իրենց համար, իսկ երբ շատ էին քաղցում, ուտում էին խաղալիքները:

Այս ամենը, բնականաբար, բերեց նրան, որ Սոֆիյան 6 տարեկանում արդեն հասուն մարդու պես էր դատում: Հատկապես, որ այդ տարիներին նրա աչքի առաջով էին անցնում պատերազմի ահավոր տեսարանները: Նա շատ շուտ բախվեց կյանքի դժվարություններին ու շուտ էլ սովորեց դրանք հաղթահարելու ձևը. «Չընկճվել, անհաջողություններից ողբերգություն չսարքել, համառ ու դիմացկուն լինել ու, իհարկե, համբերել ու մեկ անգամ ևս համբերել»:

Նա համբերեց: Պատերազմը շուտով ավարտվեց ու Շիկոլոնեի փոքրիկ ընտանիքը համեմատաբար լավ շարունակեց իր գոյությունը: Ռոմիլդան, ում այդպես էլ չվիճակվեց դերասանուհի դառնալ, 14-ամյա Սոֆիյայի մոտ նկատեց դերասանական ջիղը ու բոլոր հնարավորությունները ներդրեց իր չիրականացած երազները աղջկա մեջ վերակենդանացնելու համար: Հենց այդ տարիքում Սոֆիյան մասնակցեց Պոցուոլի փոքրիկ քաղաքում մի գեղեցկության մրցույթի ու հաղթեց: Հաջորդ քայլը փառքի ճանապարհին «Միսս Իտալիա» մրցույթն էր, որտեղ նա արժանացավ «Միսս էլեգանտություն» կոչմանը, որը ժյուրին ստեղծեց նրա համար:

Գեղեցկուհու համբավը, սակայն, այն չէր, ինչ փնտրում էր Սոֆիյան: Նա դեռ մանկուց երազում էր դերասանուհի դառնալու մասին: Գուցե դեռ չգիտեր, որ իր դերասանական ուղին անցնում է գեղեցկության մրցույթի բեմով:

Մի անգամ երեկոյան Սոֆիյան իր ընկերուհիների հետ գնաց ակումբ, որտեղ պետք է անցկացվեր «Միսս Հռոմ» գեղեցկության մրցույթը: Հանկարծ նա իր հետևում զգաց մի տղամարդու անքթիթ հայացք. դա հայտնի պրոդյուսեր Կարլո Պոնտիի հայացքն էր: Ուղղակի ապշած երիտասարդ գեղեցկուհու արտաքինով' Պոնտին ոչ ավել ոչ պակաս առաջարկեց նրան հանպատրաստից մասնակցել գեղեցկության մրցույթին: Ինքն էլ զարմանալով' Սոֆիյան ընդունեց առաջարկը և հայտնվեց երկրորդ հորիզոնականում:

Այսպես էլ ամեն ինչ սկսվեց:

Պոնտին այդ ժամանակ ամուսնացած էր, իսկ կաթոլիկի համար այդ տարիներին բաժանվելը ամենաբարդն էր բոլոր հնարավոր բաներից: Չկարողանալով սպասել, թե երբ Վատիկանը կբաժանի իրեն կնոջից' Պոնտին գաղտնի ամուսնացավ իրենից 22 տարով փոքր Սոֆիյայի հետ Մեքսիկայում: Երկար սպասված ապահարզանը ստանալուց անմիջապես հետո'1966 թ-ի ապրիլի 9-ին, զույգը երկրորդ անգամ գրանցեց իր ամուսնությունը:

Պոնտին միանգամից դարձավ Սոֆիյայի պրոդյուսերը ու նրան մտցրեց մեծ կինո: Այստեղ, սակայն, բոլորը չէին, որ ոգևորվեցին վերջինիս գեղեցկությամբ: «Չափազանց երկար քիթ, ահավոր մեծ շրթունքներ». Պոնտիի գործընկերները պնդեցին, որ Սոֆիյան գնա վիրահատության, բայց ապարդյուն: Նա չէր էլ մտածում արտաքինը փոխելու մասին, «տիրապետում էր» թե' քթին, թե' շուրթերին, և պատահական չէ, որ հենց այդպես էլ նա դարձավ 50-ականների սեքս-խորհրդանիշը:

Սրան, իհարկե, մեծապես նպաստեց այն, որ ամուսինն ու պրոդյուսերը նրա համար գտնում էր հիմնականում «սեքս-բոմբայի» դերեր: Նկարում էր նրան բաց տեսարաններում, էկզոտիկ միջավայրում: Ավելի ուշ նա գնեց բոլոր այն ֆիլմերն ու նկարները, որտեղ կինը մերկ էր՝ չվնասելու համար նրա ձեռք բերած անվանը:

Այս տարիներին էր, որ Սոֆիյան երկու անգամ փոխեց անունը: Նախ նա նկարվեց Սոֆիյա Լադզարո անվամբ, ապա, ամուսնու պահանջով, գրանցվեց որպես Սոֆի Լորեն:

Համաշխարհային ճանաչումը չշտապեց Լորենի մոտ: Դրա համար վերջինս դեռ պիտի ծանոթանար հայտնի ռեժիսոր Վիտորիո դե Սիկայի հետ: Իր բոլոր ամենահայտնի դերերը Լորենը խաղացել է հենց նրա ֆիլմերում' «Չոչարա», «Երեկ, այսօր, վաղը», «Իտալական ամուսնություն», «Արևածաղիկներ» և այլն:

Նշված վերջին երեք ֆիլմերում, ի դեպ, Սոֆի Լորենը խաղացել է իր ամենահաջողված գործընկերոջ' Մարչելո Մաստրոյանիի հետ: Լորենն ու Մաստրոյանին համաշխարհային կինոմատոգրաֆիայի ամենահաջողված զույգերից են համարվում մինչ օրս:

Գուցե Սոֆի Լորենը երբեք էլ չդառնար այն, ինչ դարձավ, եթե չլիներ դե Սիկան: Մի առիթով հենց դերասանուհին է խոստովանել. «Նա միայն ինձ հանդիպած ամենալավ ռեժիսորը չէ, ում առաջ ես խոնարհվում եմ: Դե Սիկան ինձ համար ավելին է. նա իմ հայրն է, իմ ուսուցիչը: Ես նրան պարզապես պաշտում եմ: «Ուղղակի գեղեցիկ աղջկա» արտաքինի տակ նա տեսավ իմ տաղանդը, սովորեցրեց ինձ աշխատել: Նա ստեղծեց Սոֆի Լորենին»:

Դե Սիկան էլ իր հերթին հրաշք է համարել Լորենին. «Նա տարբեր է: Տարբեր է պահում իրեն ու զարմացնում ինձ նրանով, ինչով չի զարմացրել երբեք որևէ ուրիշ կին: Ես նայում եմ նրա դեմքին, աներևակայելի աչքերին ու հասկանում' նա հրաշք է»:

Հենց դե Սիկան էլ բացեց նրա առաջ դռները դեպի Հոլիվուդ, որտեղ առաջին ֆիլմը, որում նա դեր ստացավ, «Հպարտություն ու կիրք»-ն էր: Երբ Լորենին հայտնեցին, որ այդ ֆիլմում ինքը պիտի նկարահանվի Ֆրենկ Սինատրայի ու Կերի Գրանտի հետ, նա ապշեց. «Երբ լսեցի այդ անունները, քիչ էր մնում ուշագնաց լինեի: Ես' փոքրիկ Սոֆիյա Շիկոլոնեն, պիտի կողք կողքի խաղամ մանկությանս երազների տղամարդկանց հետ մի ֆիլմում, որի բյուջեն միլիոնավոր դոլարներ է կազմում»: Այս ֆիլմը ճանաչել տվեց Սոֆի Լորենին որպես լուրջ դերասանուհու: Նկարահանումների ընթացքում նա մտերմացավ Սինատրայի հետ, իսկ Գրանտի ու նրա միջև սիրավեպ սկսվեց, որ ավարտվեց ամուսնության առաջարկով, բայց Լորենը արդեն գտել էր իր կյանքի տղամարդուն' Պոնտիին, և ուրիշ մեկի կարիքը չուներ:

Հետո հաջողությունն ինքը սկսեց հետևել Լորենին, բայց միայն կինոյում: Երջանիկ կարիերան երջանիկ անձնական կյանք չպայմանավորեց: Ամբողջ այդ ընթացքում Լորենը երազում էր երեխաների մասին. «Երեխան այն է, հանուն ինչի կարելի է կին ծնվել: Նա մեր կյանքի շարունակությունն է»: Երեխա ունենալ, սակայն, նրան հաջողվեց միայն երկար բուժումներից հետո' 1968 թվականին: Առաջնեկին կնքեցին հոր անունով: Հետո, չնայած բժիշկների թույլտվությունը չստանալուն, Լորենը լույս աշխարհ բերեց երկրորդ որդուն:

 

Սկսած 70-ականներից Սոֆի Լորենը կրճատեց իր ակտիվ գործունեությունը կինոաշխարհում: Այդ ընթացքում, սակայն, հասցրեց երկու ինքնակենսագրական գիրք գրել:

Նրա սերն առողջ ապրելակերպի նկատմամբ կարող է զարմանք առաջացնել: Բավական է նշել միայն, որ 22 տարեկանում 96,5 - 61 - 96,5 չափերով գեղեցկուհին 50 տարեկանում ունեցել է 91,5 - 61 - 96 չափերը, իսկ 72 տարեկանում ամբողջովին մերկ' միայն ադամանդե ականջօղերով, նկարվել է «Պիրելլի» օրացույցի համար:

Իսկ հիմա՞: Հիմա նրա երկու որդիները մեծացել են: Կարլոն Վենական նվագախմբի դիրիժոր է, իսկ Էդուարդոն' ռեժիսոր:

2007 թվականին այս արվեստասեր ընտանիքը կորցրեց հորը' Կարլո Պոնտիին, ով վախճանվեց հունվարի 10-ին' 94 տարեկան հասակում:

Իսկ Սոֆի՞ն: Ասում են' նա երազում է միայն մի բան` խաղալ Աննա Կարենինա և Կատյուշա Մասլովա («Հարություն» վեպից):

Հայտնի փաստ է, որ արքեպիսկոպոս Գենուին մի անգամ կատակով ասել է. «Չնայած Վատիկանը կատեգորիկ դեմ է մարդու կլոնավորմանը, բայց, կարծում եմ, միայն Սոֆի Լորենի համար կարելի է բացառություն անել»:


Գեղեցկությունն արժե, որ նրա համար պայքարես:

Չկա ավելի հմայող միջոց, քան պարզպես սեփական ձեռքերով եփված սուրճը: Բավական է, որ տղամարդը մեկ անգամ այն փորձի, և նա քոնն է:

Եթե կարողանաք պահպանել Ձեր մեջ երեխայի հոգին, վստահ եղեք, որ «Լավագույնը դեռ առջևում է» սկզբունքը գործելու է ցանկացած տարիքում:

Մայրը պետք է երկու անգամ մտածի: Մի անգամ իր, մյուս անգամ' երեխայի փոխարեն:

Գեղեցկությունը զգացողություն է և արտահայտվում է աչքերում: Այն նյութական երևույթ չէ:

Խելացի կանանց տղամարդիկ նկատում են, գեղեցիկներին' առանձնացնում ամբոխից: Եվ միայն հմայքով օժտվածներին է, որ տղամարդիկ չեն մոռանում:

Սանրվածքն ազդում է օրվա ընթացքի վրա, իսկ արդյունքում' նաև կյանքի:

Դժվար է անկրկնելի լինել, երբ ալարկոտ ես:

Պարզությունը էլեգանտության ողջ իմաստն է:

Կինը, որ չի սիրում իր տղամարդու թերութունները, չի սիրում այդ տղամարդուն:

Էլեգանտության ձայնը բարձր չէ:

Չեն կարող գեղեցիկ լինել այն աչքերը, որ երբեք չեն լացել:

Կինը, որ վստահ է՝ ինքը գեղեցիկ է, ի վերջո կապացուցի դա բոլորին:


Լարա Առաքելյան

 

Դիտվել է 11642 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2026 10:18
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը նոր գլուխ սկսեցին իրենց հարաբերություններում՝ այս անգամ որպես ամուսիններ։ 2026 թվականի օգոստոսի 11-ին զույգը պաշտոնապես գրանցեց իրենց հարաբերությունները Պորտուգալիայում՝ երկար սպասված առիթի համար ընտրելով մտերիմ քաղաքացիական արարողություն`իրենց ընտանիքի հետ։
12-08-2026 10:08
Արհեստական բանականությունը մարդկանց սովորեցնում է բարություն: ԱԲ–ն կարող է օգնել մարդկանց զարգացնել էմպատիան․ այսպիսի նախնական եզրակացության են եկել Ֆինիքսի համալսարանի հետազոտողները, որոնք ներկայացրել են պիլոտային հետազոտության արդյունքները Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամենամյա համաժողովում:
12-08-2026 09:27
«Վայրի հրեշտակ» սերիալի աստղեր Նատալիա Օրեյրոն և Ֆակունդո Արանան վերամիավորվել են կարմիր գորգի վրա սերիալի թողարկումից 28 տարի անց. 54-ամյա դերասանը Բուենոս Այրեսում աջակցել է 49-ամյա դերասանուհուն՝ նրա «Ես նարցիսիստ եմ» կատակերգական ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
12-08-2026 05:24
45-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն ամուսնանում է իր 44-ամյա ընկերոջ՝ Բաք Փալմերի հետ՝ երկու տարվա հարաբերություններից հետո: Զարդերի դիզայներն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել լողափում՝ Ինդոնեզիայում հանգստանալիս: Իր Ինստագրամում սուպերմոդելը կիսվել է պահով և գրել. «Ես քեզ կընտրեի այս կյանքում և հաջորդ բոլոր կյանքերում: Մեր հավերժության համար, իմ սեր»:
12-08-2026 01:12
Մոտ 2,4 միլիոն աֆղան աղջիկներ «Թալիբան» շարժման իշխանության գալուց հինգ տարի անց շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից։ Իրավիճակի մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կոչ անելով անհապաղ և առանց որևէ նախապայմանի վերականգնել աղջիկների և կանանց՝ միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, հաղորդում է Associated Press-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 955 անգամ
06.08.2026
Դիտվել է 440 անգամ
07.08.2026
Դիտվել է 407 անգամ
08.08.2026
Դիտվել է 401 անգամ
12.08.2026
Դիտվել է 156 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster