Մազերին բնական փայլ հաղորդող դիմակներ
18.02.2023
Առանց առողջ, շքեղ ու փայլուն մազերի գարունը ձեր սրտով չի լինի, սիրելի լեդիներ: Ժամանակն է բոլոր միջոցներով զբաղվելու դրանց խնամքով: Առաջարկում ենք ամենաօպտիմալ տարբերակը՝ տնային պայմաններում պատրաստվող դիմակներ մազերի համար:
Մազերի որակը բարելավելու լավ եւ պարզ միջոց է մածունի շիճուկով դիմակը: Մազերը լվալուց 30 րոպե առաջ քսեք այն մազարմատներին և տարածեք ողջ երկարությամբ: Փաթաթեք, ապա լվացեք: Այս մեթոդը երկար տարիներ կիրառում են թաթար կանայք, ովքեր ունեն մյուս ժողովուրդներից ակնհայտ տարբերվող մազեր՝ առողջ ու փայլուն: Չնախանձելու համար պարզապես սկսեք օգտագործել այս մեթոդը:
Մազերի փայլը վերականգնելու արդյունավետ միջոց է նաև գարեջուրը: Ամեն անգամ մազերը լվալուց հետո ողողեք դրանք գարեջրով: Կունենաք փայլուն մազեր, ինչպես նաեւ, կազատվեք ձանձրացնող թեփից:
Հավի ձուն, պարզվում է, ևս օգտակար է մազերի համար: Ընդամենը մի քանի հավկիթ լավ հարեք, քսեք մազարմատներին և տարածեք: 10 րոպե անց լվացեք գոլ ջրով (տաք ջրի դեպքում ձուն կարող է ձվածեղ դառնալ հենց ձեր գլխին: Այս դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել ընդամենը 1-2 անգամ ամսվա ընթացքում:
Նշի յուղը ևս օժտված է փայլ հաղորդելու հատկությամբ: Ձեզնից պահանջվում է միայն քսել այն մազերին: Արդյունքը կտեսնեք ինքներդ:
Մազերի փայլն ու որակը բարձրացնելու համար կարող եք օգտագործել նաև երիցուկի կամ կիտրոնի հյութը, ինչպես նաև, խնձորի քացախը (մեկ լիտր ջրին մեկ ճաշի գդալ քացախ):
Մի խոսքով, սկսեք կիրառել խորհուրդներն ու հիշեք, որ մազերն ամենօրյա խնամքի կարիք ունեն: Եթե նրանց հատկացնեք անհրաժեշտ խնամքը, ընդամենը մի քանի օրից դրանք կուրախացնեն իրենց գեղեցկությամբ ու փայլով: Դիտվել է 18404 անգամ
Читать на русском
|