Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նա բացահայտեց աղքատների հարստությունը. ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

24.02.2013

«Շատ տառապանքներ կան այս աշխարհում, շատ-շատ: Նյութական տառապանքը, սովի, անտունության, բոլոր տեսակի հիվանդություններից տառապանքը Բայց ես դեռեւս մտածում եմ, որ մեծագույն տառապանքը մենակ լինելն է, չսիրված եւ ոչ ոքի չունենալու զգացողությունը: Ես արդեն հասել եմ այն գիտակցությանը, որ անցանկալի լինելը  ամենավատ  հիվանդությունն է, որ մարդը կարող է երբեւիցե ունենալ»: Այս համոզմամբ էր ապրում բոլորի կողմից սիրված ու իր ունեցած «լավը» համայն մարդկության հետ կիսած, բոլորիս քաջ հայտնի Մայր Թերեզան, մի կին, ով իր  կյանքը նվիրեց` աղքատներից աղքատներին օգնելուն: «Արմատներով եւ արյունով ալբանացի եմ: Քաղաքացիությամբ հնդիկ եմ: Կաթոլիկ միանձնուհի եմ: Կոչումով պատկանում եմ ամբողջ աշխարհին: Սրտով ամբողջությամբ պատկանում եմ Հիսուսի սրտին»,- այսպես էր իրեն ներկայացնում Մայր Թերեզան:

 

Նա ծնվել է 1910թ. օգոստոսի 26-ին Սկոպիե քաղաքում` Բոյաջուների ընտանիքում, ծնողները երեխային կնքել էին Ագնես Գոնջա: Հակառակ նրանց` երկրորդ տղա ունենալու փափագին, աղջկա ծնունդը երջանկացնում է ծնողներին. նրան համարում են Աստծու պարգեւ: «Բարի կին կլինի մոր նման»,- կանխագուշակում էին մարդիկ, երբ նրան ծնունդից հետո մկրտում էին, ու չսխալվեցին: Ծնողները` Նիկոլան եւ Դրանան, ալբանացիներ էին: Ագնես Գոնջան ընտանիքի երրորդ զավակն էր, քրոջից` Ագեից ու եղբոր`Լազարից հետո: «Ես երջանիկ մանկություն եմ ունեցել»,- հետագայում հիշում էր Ագնեսը: Նրա ծնողները, լինելով կարգապահ ու մարդասեր, նույն ոգով դաստիարակում են նաեւ երեխաներին: Ագնեսի դաստիարակության  գործում շատ մեծ է եղել իր հոր դերը, ումից աղջիկը սովորել է բարեգործություն անել: Եղբայրը` Լազարը, քրոջ մանկությունից պատմում էր, որ նա  սովորական աղջիկ էր՝ մի քիչ ինքնամփոփ եւ ներքաշված: Ուներ շատ ընկերուհիներ, որոնց հետ էլ անցկացնում էր ժամանակի մեծ մասը, գերազանց էր սովորում, սիրում էր բանաստեղծություններ գրել եւ կարդալ ընկերուհիների համար: 

Աղջիկն ութ տարեկան էր, երբ հայրն անսպասելի մահանում է: Նրա մահվան հանգամանքներն անհայտ էին, կար տեսակետ, որ նրան թունավորել էր հարավսլավական ոստիկանությունը: Ագնեսի հիշողության մեջ դրոշմված են մնում հոր խոսքերը. «Ոչ մի պատառ չուտես, առանց որեւէ մեկի հետ կիսելու» եւ «Անձնասիրությունը հոգեկան  հիվանդություն է, որ քեզ ստրկացնում է` թույլ չտալով ապրելու կամ ուրիշներին ծառայելու»:  Հետագայում այդպես էլ եղավ: Հոր մահից հետո ընտանիքի ողջ բեռը մնաց Դրանայի ուսերին: Նա, գիշերուզօր աշխատելով, երեխաներին ապահովում էր ամեն ինչով: «Ես ձեզ կտամ ամենը, ինչ խնդրե՛ք, վերցրե՛ք, բայց ես էլ ձեզնից ակնկալում եմ ձեր լավ եւ օրինակելի վարքը»,- հորդորում էր իր երեխաներին միայնակ մնացած կինը: Երեխաներին դաստիարակում էր այն մեծ հավատով ու սիրով դեպի Աստված, որ կար նաեւ իր մեջ: Նրանց տանը աղքատները միշտ գտնում էին մարդկային ջերմություն, տաքություն ու սնունդ:«Սկոպիեի ու շրջակայքի աղքատներից բոլորը գիտեին մեր տան տեղը, եւ ոչ ոք այնտեղից դատարկաձեռն չէր հեռանում: Ամեն օր, ճաշին, մենք հյուր ունեինք»,- պատմում էր Ագնեսը: Դրանան երեխաներին հաճախ իր հետ տանում էր հիվանդներին խնամելու, աղքատներին օգնելու, որպեսզի նրանք իրազեկ լինեն մարդկային տառապանքին: Երեխաները մեծանում են պարկեշտ ու կարգապահ: Շուտով ընտանիքի միակ տղամարդը` Դրանայի որդին, հեռանում է ընտանիքից դեպի Ավստրիա`զինվորական ուսումնարան հաճախելու նպատակով: Սակայն մայրը դեռ չէր հասցրել համակերպվել, երբ հաջորդեց մյուս` իր համար ծանր հարվածը` Ագնեսի որոշումը վանք մտնելու: Սակայն հոգու խորքում նա հպարտ էր աղջկա որոշմամբ. միան հուզում էր այն, որ աղջիկն իր որոշման մեջ  իրոք անկեղծ ու հաստատակամ լիներ: Մայրը միշտ էլ զգացել է Ագնեսի կրոնավորական կոչումը:

Վարդապետներից մեկի ջանքերով հիմնվել էր «Սուրբ կույս Մարիամ» անունով միությունը, որին անդամակցելը նույնպես իր դերն է խաղում Ագնեսի հոգեւոր ձեւավորման մեջ: Միության անդամները սկսում են ուսումնասիրել սրբերի վարքը եւ միսիոներների կյանքը: Այն խանդավառ ճառերն ու քարոզները, որ Գոնջան լսում էր այդտեղ, թողնում են իրենց ազդեցությունը նրա ներաշխարհում:  Խանդավառված աղջիկը, ցանկանալով ավելի գործնականորեն  օգնել, ստիպում էր իր միակ՝ փող աշխատող զարմիկին` Անտոնիին, վաստակած գումարը նվիրաբերել Հնդկաստանի առաքելություններին:

1928 թ. Ագնեսը վերջնական որոշում է կայացնում`գնալ առաքելությունների եւ իրեն նվիրել Աստծուն: Նա բազմաթիվ երազանքներ թողեց անկատար. շատ էր սիրում, երաժշտություն, գրականություն, մանավանդ քնարերգություն. «Ահավասիկ, երազանքներիս մեծ մասը  հավանաբար չեմ կարող իրականացնել: Հավաստի մի բան կա, սակայն, որն ինձ համար էական է: Գիտեմ, որ Տերն ինձ կանչում է: Նա ինձ սիրում եւ քայլերս առաջնորդում է` ինձ տալով միսիոների կոչում. ահա իմ միակ վստահությունը»,- ասում էր Ագնեսը:

Ճանապարհը նրան տարավ դեպի Հնդկաստան: Դիմում է «Լորետոյի միանձնուհիներ» միաբանությանը ու ստանալով դրական պատասխան`մեկնում է:  Միաբանության կանոնադրության համաձայն`մինչեւ նորընծայությունը վանք դիմող երիտասարդուհիները պարտավոր էին անցնել հայեցողության շրջան, այսինքն` այս շրջանում բացահայտվելու էր նրանց վճռականությունը եւ հոգեւոր կյանքի նկատմամբ կոչման իսկությունը: Ագնեսը սկսում է իր նորընծայության շրջանը: Այս առիթով մատուցված պատարագի ընթացքում նրան հանձնում են կրոնական կյանքի խորհրդանշանները` խաչը, քողը, վարդարանը եւ սքեմը: Նա ընտրում է Թերեզա անունը` ներշնչված իր պահապան սրբուհուց` Լիզիոյի Սրբուհի Թերեզայից, որն ավելի հայտնի է որպես Սրբուհի Թերեզա: Անվան ընտրությամբ քույր Թերեզան ընդունում է նաեւ կյանքի մասին Սրբուհի Թերեզայի հետեւյալ փիլիսոփայությունը. «Իմ փոքրիկ ճանապարհը մանկության հոգեւոր ճանապարհն է` վստահության եւ անսահման անձնուրության ճանապարհը»: Քույր Թերեզայի նվիրումը գործին անսահման էր: Նա շատ ընթերցում էր` սկսած Աստվածաշնչից մինչեւ գեղարվեսական գրականություն: Ծառայության երկրորդ տարում նա արդեն հնարավորություն ուներ մյուս միանձնուհիների նման մասնակցելու աղքատների եւ հիվանդների խնամքի գործին: Նրա մեջ այնքան շատ էր պատրաստակամությունն ու նվիրումը մարդկանց օգնելու: Նրա հոգում արդեն թեւ էին առնում զոհաբերվելու եւ նվիրվելու փափագները: Վանքում հոգեւոր պարտականությունների կատարման հետ մեկտեղ` զբաղվում է նաեւ մանկավարժությամբ: Անցնում են օրեր, ամիսներ, տարիներ…Մոտենում են մշտնջենավոր ուխտի օրերը: Քույր Թերեզան շուտով դառնալու էր մայր, այսինքն` ավագ միանձնուհի: 1937թ-ի մայիսին, լռությամբ եւ աղոթքով անցկացրած  հոգեւոր կրթությունից հետո, քույր Թերեզան կատարում է աղքատության, ողջախոհության եւ հնազանդության մշտնջենավոր ուխտը: Վաղուց սպասված «Այո»-ն հնչում է. նա արդեն իսկական միանձնուհի էր:

 Թերեզայի մտքում եւ հիշողության մեջ անընդհատ իր ընտանիքն էր, մայրը, նրա խոսքերը: Ընտանիքի հետ նամակագրական կապը պահում էր, բայց հետագայում նրան միշտ ցավ էր պատճառում միտքը, որ ինքն այդպես էլ քրոջն ու մորը չհանդիպեց:

Հնդկաստանում տարեցտարի վիճակը ծանրանում էր` սոված ու օնօթեւան ժողովուրդ, ամենուր աղքատություն, սով, հիվանդություն: Քույր Թերեզան էլ այդ մռայլ տեսարանի ականատեսն էր, ու նրան չէր կարող ցավ չպատճառել: Դպրոցները, ընտանիքներ այցելությունները, դասավանդումը, աղջիկների հետ զբոսնելը կազմում էին նրա ամենօրյա աշխատանքը, բայց ինչ-որ բան նրան տանջում էր. չէր գոհանում իր արածից, դատարկություն էր զգում: Տարին մեկ անգամ բոլոր միանձնուհիներն ունենում էին արձակուրդային ժամանակ՝ մտածելու, խոկալու եւ աղոթելու. ահա մոտենում էր այդ շրջանը: Հենց այդ օրերին էլ  Թերեզան ստանում է  այսպես կոչված «կոչումը կոչման մեջ»: «Գնում էի Դարջիլինգ հոգեւոր կրթության,-պատմում է նա,- գնացքով ճանապարհորդելիս ինձ հետ կատարվեց անսպասելի բան. ես լսեցի այդ ձայնը, զգացի այդ կոչը, որն ինձ կանչում էր, հրամայում թողնել ամեն բան եւ ծառայել Նրան`գետնախորշերում, փողոցներում: Ինձ կանչում էր Իրեն ծառայել` աղքատից ամենաաղքատի միջոցով: Գիտակցում էի, որ դա Նրա կամքն էր, եւ ես պարտավոր էի հետեւել եւ հնազանդվել Նրան: Անկասկած դա լինելու էր իր գործը: Առաջադրանքը հստակ էր: Ես պետք է թողնեի վանքը եւ ծառայեի աղքատին`ապրելով նրա հետ:Դա կարգադրություն էր, հանձնարարություն եւ համոզվածություն: Ես գիտեի`ինչ անել, բայց չգիտեի`ինչպես»: Նա դիմում է Դուբլինում գտնվող Լորետոյի մեծավորուհուն` միաբանությունը լքելու խնդրանքով, սակայն գործը հասնում է մինչեւ Հռոմ, ու ի վերջո Թերեզան ստանում է թույլտվությունը` չնայած նրա համար ծանր էր թողնել Լորետոն: Նրա այդ որոշումը բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ է դառնում: Փոխելով Լորետոյի միանձնուհու հանդերձանքը, որպես համազգեստ ընտրում է պարզ սաիր եւ տափակ ոտնամաններ, ուղղվում Կալկաթայից 240 մղոն հեռավորության վրա գտնվող Պատնա քաղաք:Հասկանալով, թե ինչքան էր իր օգնությունը պետք աղքատներին ու հիվանդնեորին, մասնակցում է բժշկական դասընթացների, ձեռք բերում հմտություններ: Աշխատում եւ ծառայում էր անձնվիրաբար: Հիմնվում է «Գթության միսիոներներ» միաբանությունը, քույր Թերեզան էլ, որպես հիմնադիր, դառնում է Մայր Թերեզա եւ աշխատում այդտեղ մինչեւ 1997թ-ի մարտ ամիսը: Նրա կյանքում,ինչպես ինքն էր ասում, ամենագեղեցիկ երկու երեւույթներն աղքատությունն ու հիվանդությունն էին: Նա համոզված էր` աղքատին օգնելու համար պետք էր լինել աղքատ, ապրել ու հասկանալ աղքատությունը, հետո նոր գործել: Բացահայտել էր` որն է աղքատների հարստությունը. «Աղքատներն այնքան քիչ ունեն, բայց գիտեն շատ տալ` ամեն բան»:

 Նրա ջանքերով 1952 թ-ին հիմնվում են մահամերձ աղքատների համար կացարաններ: Մայր Թերեզայի նպատակը հիվանդներին բուժելը չէր, այլ նրանց համար «գեղեցիկ» ու «բարի» մահ ապահովելը, ուներ իր կողքին մոտ 26 բարեգութ օգնականներ: Նա գործեց շուրջ 40 տարի, և փողոցներում մահանալուց զերծ մնացին տասնյակ հիվանդներ: Յուրաքանչյուր աշխատանք իրականացնելիս աղոթում էր, խնդրում Աստծու գութն ու աջակցությունը: Օրեցօր Մայր Թերեզան դառնում է ճանաչված աշխարհում, չնայած նա իր աշխատանքը համարում էր «կաթիլ օվկիանոսի մեջ»: Իր գործունեության ընթացքում արժանանում է տասնյակ մրցանակների  ու պարգեւների տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, ստանում է ԱՄՆ պատվավոր քաղաքացու կոչում, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակ:  «Չեմ կարողանում շնչել». սրանք էին նրա վերջին խոսքերը: Մայր Թերեզան մահանում է 1997 թ. սեպտեմբերի 5-ին` շնչարգելության պատճառով:

 

Սիրել ցավելու աստիճան:

 

Սերը օրեցօր , մինչեւ մեր մահը, պետք է այնքան սովորական լինի մեզ համար, որքան ապրելն ու շնչելը:

 

Յուրաքանչյուր սիրով արարք խաղաղության գործ է՝ անկախ այն բանից, թե ինչքան փոքր է:

 

Երջանիկ եղիր այս պահին, բավարար է:

 

Եթե իսկապես ուզում ենք աղոթել սովորել, պետք է նախ լսել սովորենք: Որովհետեւ սրտի լռության մեջ խոսում է Աստված:

 

Տալու համար պետք է ունենաս:

 

Մեր բառերն ավելորդ են այնքան ժամանակ, քանի դեռ սրտից չեն բխում:

 

Երբեք չենք իմանա` ի՜նչ ազդեցություն ունի մի պարզ ժպիտը:

 

Ամենակարեւոր դեղամիջոցը քնքուշ սերն ու հոգատարությունն են:

 

Մենք բոլորս մատիտներ ենք Աստծու ձեռքում:

 

Կարեւոր չէ, թե քանի բարի գործ եք կատարել, կարեւոր է`ինչքան սեր եք ներդրել այդ գործերում:

 Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 17222 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Ֆրանսիական իշխանությունները հատուկ բացառություն արեցին. բանն այն է, որ Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված է ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:37
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակչում «Նյու Յորք Նիքսի» հաղթանակից հետո Լոս Անջելեսում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները գնդակահարել են մի շան՝ տիրուհու տոնական ճիչերը շփոթելով հնարավոր պատահարի մասին ազդանշանի հետ, հաղորդում է NBC News-ը։
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 639 անգամ
11.06.2026
Դիտվել է 395 անգամ
16.06.2026
Դիտվել է 184 անգամ
17.06.2026
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster