LN-ի հյուրասրահում է երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ով պատրաստվում է երևանյան մեծ մենահամերգի սեպտեմբերի 28-ին:
-Երևանյան հանդիսատեսի հետ երկրորդ մեծ հանդիպումն է սպասվում Ձեզ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Լավ լիցքերի, լավ հիշողությունների, լավ տպավորությունների ակնկալիք ունեմ: Լավ հանդիսատեսի, երկրպագուների տեսնելու ակնկալիք ունեմ: Ակնկալում եմ, որ մարդիկ այդ օրը կերգեն ինձ հետ, գոնե մի քանի տող: Արտիստի համար իսկապես շատ կարևոր է, երբ իր երգերը տպավորվող են, հիշվող: Մեծ հույսեր ունեմ համերգի հետ կապված:
-Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական վերջին աշխատանքները:
-Ես այնքան անհամբեր եմ դարձել, չեմ դիմանում այլևս: Օգոստոսից փորձեր ենք անում ամեն օր, նաեւ՝ շաբաթ-կիրակի, միշտ փորձեր ենք անում: Շատ-շատ լուրջ ենք պատրաստվում: Ուզում եմ այդ հանդիպումը մեկ րոպե շուտ կայանա, որովհետև սպասում եմ շատ:
-Իսկ ինչո՞վ է տարբերվելու նախորդից:
-Հիմա չեմ կարող ասել: Նախորդից կտարբերվի առավել ասելիքով: Եթե դու ասելիք ունես, եթե դու ստեղծված ես այս աշխատանքի համար, ապա անըդնհատ նոր ասելիք ունես, նոր էմոցիաներ: Մեծ հույս ունեմ, որ ես այդպիսին եմ, որ իմ կոչմանն եմ ծառայում:
-Բավականին խոսուն խորագիր եք ընտրել («Շնորհակալ եմ») համերգի համար: Ո՞ւմ է ուղղված Ձեր խոսքը:
- Անկեղծ ասած, բոլորն ինձնից հարցնում են, թե ինչով է պայմանավորված վերնագիրը: Շատ ուրախ եմ, որ այն այդքան տպավորվել է: Շնորհակալ եմ պարզապես գնահատված լինելու համար, ստացած լավ էմոցիաների, հավատարիմ երկրպագուների համար: Շնորհակալ եմ ինձ համար թանկ ու սիրելի մարդկանց համար, որոնց միջավայրում ես ապրում եմ, ովքեր լիցքեր են տալիս ինձ ստեղծագործելու համար:
- Հաճա՞խ եք առիթներ ունենում Ձեր շնորհակալությունը հայտնելու:
-Ես իմ կյանքում շատ առիթներ ունեմ շնորհակալ լինելու: Այդ առումով շատ երջանիկ մարդ եմ ինձ համարում: Ամեն օրվա հետ ինձ տրված բոլոր հնարավորությունները ես ավելի շատ եմ գնահատում: Ո՞նց շնորհակալ չլինեմ, եթե օրվա ընթացքում առիթ եմ ունենում մի քանի անգամ ժպտալու, խոսելու ընկերներիս հետ, հարազատներիս առողջ տեսնելու:
-Ի՞նչ երգեր են հնչելու համերգի ընթացքում և կլինեն արդյոք պրեմիերաներ:
-Պրեմիերաներից երկուսն արդեն առիթ ունեցաք լսելու, քանի որ մեր փորձին ներկա եղաք: Էլի կլինեն պրեմիերաներ: Կլինեն նաև սիրված, ճանաչված երգեր` «Հրաժեշտ», «Երկրորդ անգամ»:
-Լինելո՞ւ են զուգերգեր, և ո՞ւմ հետ:
-Իհարկե, կլինեն նաև զուգերգեր: Կլինեն իմ լավ ընկերներ Մարտին Մկրտչյանը, Արման Հովհաննիսյանը: Կլինի նաև անակնկալ դուետ շատ սիրված արտիստի հետ, երգի պրեմիերան էլ հենց դահլիճում կլինի: Պատահական զուգերգեր չեն լինում: Երբ մարդիկ միասին երգում են, պետք է անպայման մի ընդհանուր բան ունենան:
-Ուզում եմ Ձեր երգացանկից մի երգ առանձնացնել` «Մայրիկ»-ը, կհնչի՞ այն արդյոք համերգի ընթացքում: Ամեն անգամ համերգներին նորովի եք ներկայացնում երգը, շոուն, ի՞նչ է այս անգամ սպասվում:
-Երգն անպայման պետք է հնչի: Ես լրիվ այլ կերպ եմ զգում այդ երգը: Երգի մատուցման հետ կապված, այո, կլինեն անակնկալներ:
-Կար մի շրջան, երբ մենք ավելի հաճախ տեսնում էինք հաղորդավարուհի Քրիստինե Պեպելյանին, քան երգչուհի: Ի՞նչ տվեց այդ ժամանակահատվածը Ձեզ:
-Շատ լավ ու ուրախ ժամանակաշրջան էր ինձ համար: Մեծ սիրով եմ աշխատել այդ շրջանում: Աշխատում էի ուղիղ եթերում, որն իսկապես մեծ փորձ էր ինձ համար: Ուղիղ եթերն ունի իր կանոնները, այն նման է շախմատի, պետք է կարողանաս արագ մտածել, պատրաստված լինես: Նոր մարդիկ, նոր միջավայր, նոր բնագավառներ բացահայտվեցին ինձ համար: Ընդհանրապես եթերի հետ կապված բարդույթներ չունեի. ինչ ինձ հետաքրքրում էր, անկաշկանդ հարցնում էի:
-Քրիստինե Պեպելյանի ստեղծագործական կյանքում մեծ ակտիվություն է նկատվում այժմ: Իրար ետևից տեսահոլովակներ ներկայացրիք, այժմ էլ համերգի եք պատրաստվում: Է՞լ ինչ նորություններ են մեզ սպասվում համերգից հետո:
-Համերգից հետո մի փոքր դադար կլինի, հուսամ: Ինձ իսկապես հանգիստ է պետք, նոր լիցքեր են պետք: Համերգից հետո մի քանի նոր աշխատանքներ ունեմ, որ անպայման պետք է իրականացնեմ, բայց որոշակի դադարից հետո:
-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ կցանկանայիք բիզնես սկսել…
-Դեռ քննարկման շրջանում է: Բավականին մեծ նախագիծ է լինելու ու հույս ունեմ, որ կկարողնամ գլուխ հանել: Հուսանք, որ շատ չի ուշանա:
-Քրիստինե, ամենաանսպասելի անակնկալը, որ ստացել եք երկրպագուներից…
-Պիցցա: Մի օր երկրպագուներիցս երկու աղջիկ մտածել էին ինչ անել, որպեսզի ես դուռը բացեմ, որ տեղին լինի, որ այդքան էլ անհարմար վիճակ չլինի, պիցցա էին պատվիրել ինձ համար: Մեր դուռը զանգում են, տեսնում եմ, որ առաքիչը կանգնած է` պիցցան ձեռքին: Պիցցայի տուփի վրա էլ նկարազարդել էին, գունավորել ու որոշել էին, որ էդպես պետք է լինի մեր հանդիպումը:
-Տպավորիչ է ստացվել «Շնորհակալ եմ»երգի տեսահոլովակը: Հարցազրույցներից մեկում ասել եք նաև, որ այն Ձեզ համար հատուկ նշանակություն ունի, և կցանկանայիք` շատ սիրվեր: Կբացե՞ք փակագծերը, ինչո՞վ է այն յուրահատուկ Ձեզ համար:
-Այն ուղղակի շնորհակալ լինելու իրական զգացում էր: Այս երգը թանկ է ինձ համար առաջին հերթին մի պարզ պատճառով, որ այն պատմում է ամենաջերմ, ամենաանշահախնդիր սիրո մասին, որ կարող է լինել երեխայի և ծնողի միջև: Սա այն կապն է, որ երբեք չի կարող ընդհատվել: Պարզապես, այն շատ թանկ է ինձ համար:
-Ի՞նչ եք կարծում` պատահակություններ իսկապե՞ս չեն լինում, ինչպես Ձեր երգում եք ասում:
-Հավատում եմ, գիտեք, իսկապես հավատում եմ, որ պատահականություններ չեն լինում: Հավատում եմ, որ ամեն ինչ ի վերուստ որոշված է մարդու համար:
-Հայկական շոու բիզնեսում ամենքննարկվող աստղերից եք, ում մասին բամբասանքները երբեք չեն դադարում: Վերջին շշուկները, որ լսել եք Ձեր մասին, որո՞նք են եղել: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր մասին բամբասանքներին:
-Վերջին շրջանում ես նույնիսկ ժամանակ չունեմ, որևէ շշուկ լսելու: Բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-որ բաներ են հորինում, տարածում, թող չնեղանան ինձնից, բայց ես առանձնապես ուշադրություն չեմ դարձնում իրենց «ստեղծագործություններին»: Իսկապես չունեմ այդ ժամանակը՝ հետևելու, թե ինչ են խոսում, պարզաբանելու` ճիշտ է, թե սխալ: Ես ունեմ ուրիշ զբաղմունք, ունեմ աշխատանք, որն ինձնից բավական մեծ ժամանակ է պահանջում: Արդեն չգիտեմ` ինչպես վերաբերվեմ: Էլ ոչ մի կերպ չեմ վերաբերվում:
-Ի՞նչ է երջանկությունը Քրիստինե Պեպելյանի համար:
-Կարծում եմ, որ երջանկությունն առհասարակ այն է, երբ ինքդ քեզ հետ ներդաշնակ ես, ինքդ քեզ հետ կռիվ չես տալիս: Դրա համար պետք է առողջ միջավայր, սիրելի աշխատանք, պետք են մարդիկ, ովքեր կհավատան երազանքներիդ, նպատակներիդ, կօգնեն հասնելու այդ ամենին: Ի վերջո, մարդ միայնակ չի կարող ստեղծել որևէ բան: Իրեն ընկերներ են պետք այս կյանքում՝ հավատարիմ, հավատացող, լավ մարդիկ, որ մենակ չքայլի:
-Ի՞նչ եք կարծում` կնոջ առաքելությունն այս կյանքում ո՞րն է:
-Կինը ստեղծված է իր ընտանիքը, միջավայրը, շրջապատն ամուր, խաղաղ պահելու համար: Կնոջ առաքելությւոնը նոր մարդկանց կյանքի կոչելն է, մայրանալը: Ամեն ինչ կապված է նրանից, թե ինչ կին է, ինչ նպատակներ, երազանքներ ունի:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: