Իտալական կինոյի ամենավառ աստղերից մեկը, իր ժամանակների սեքս խորհրդանիշն ու 57 տարեկանում էլ դեռ գեղեցկությամբ շլացնող Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելին ծնվել է 1955 թվականի մարտի 9-ին Հռոմում: Նրա ծնողները բավական աղքատ էին և դժվարությամբ էին խնամում Ֆրանչեսկային ու նրա երկվորյակ քրոջը' Կլաուդիային:
Երբ լրացավ աղջիկների 10-ամյակը, նրանց հայրը մահացավ, և Ֆրանչեսկան ու Կլաուդիան ստիպված եղան ժամանակից շուտ հասուն հայացքով նայել կյանքին:
Բայց եթե համեստ ու ամաչկոտ Կլաուդիան օրերով նստում էր գրքերի առաջ, ապա համառ ու պայքարող Ֆրանչեսկան արդեն 14 տարեկանում բնորդուհի էր աշխատում գեղարվեստի քոլեջում, որտեղ, ստելով, թե 17 տարեկան է, մերկ էր աշխատում ուսանողների համար: Բացի դա, արդեն այդ տարիներին նա նկարվում էր մերկ լուսանկարներ հրապարակող ամսագրերի շապիկների համար: Մի օր այդպիսի լուսանկարներից մեկն ընկավ նրա մոր ձեռքը, վերջինս իհարկե սաստիկ զայրացավ ու նույնիսկ ծեծեց Ֆրանչեսկային: Նրա «աշխատանքի» մասին շուտով իմացան նաև դպրոցում, բայց խիզախ աղջնակը կանգնեց ու հայտարարեց. «Այո, ես այդպես եմ գումար աշխատում: Կարևորը' գողություն չեմ անում»: Չի կարելի ասել, թե ուսուցիչներին դուր եկավ նրա նման պահվածքը և դրա պատճառով է, որ նրան չհեռացրին դպրոցից, պարզապես տնօրենը գիտեր աղջնակի ընտանիքի ֆինանսական ծանր դրության մասին և որոշեց անտեսել Ֆրանչեսկայի վատ վարքը:
Հետագայում Ֆրանչեսկան բազմիցս խոստովանել է. «Ես մեծ հաջողության հասա իտալական կինոյում, քանի որ հանդգնեցի մերկ նկարահանվել: Ինձնից առաջ որևէ մեկը նման բան չէր արել»: Մինչ Ֆրանչեսկան տարված էր բնորդուհու իր գործով, նրա' մի քանի անգամ առավել համեստ քույրը վառ երազներ էր տեսնում: Հենց Կլաուդիան էր ցանկանում դառնալ մեծ դերասանուհի:
Մի անգամ նա կարդաց ինչ-որ թերթում, թե հայտնի ռեժիսոր Դամիանո Դամիանին փնտրում է գլխավոր դերակատարուհու «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմի համար: Կլաուդիան համոզեց քրոջն ուղեկցել իրեն լսումների: Բայց, արի ու տես, որ հայտնի ռեժիսորը ուշադրություն դարձրեց ոչ թե հայտագրված, այլ ուղեկցող քրոջը. «Քույրս ուզում էր դերասանուհի դառնալ, իսկ ես մտքիս ծայրով էլ չէի անցկացնում նման բան, բայց ռեժիսորը նայեց երկուսիս էլ ու դերն առաջարկեց ինձ»: Այդպես կայացավ 15-ամյա Ֆրանչեսկայի դեբյուտը մեծ էկրաններին: Քանի որ Իտալիայում արդեն կար դերասանուհի Ֆրանչեսկա անվամբ, Դամիանին խորհուրդ տվեց նրան հանդես գալ Օռնելա Մուտի անվամբ. «Ես միշտ չէ, որ արձագանքում եմ, երբ լսում եմ «Օռնելա» դիմելաձևը: Չէ՞ որ դա Դամիանիի հորինած ծածկանունն է»:
Այդ անունը, սակայն, նրան հաջողություն բերեց անմիջապես: Բոլորը միանգամից հետաքրքվեցին երիտասարդ հայտնության անձնական կյանքով: Նրան վերագրեցին սիրավեպ «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմի դերասաններից մեկի' Ալեսիո Օրանոյի հետ: Մինչդեռ այդ ժամանակ նրա կյանքում բոլորովին ուրիշ մի երիտասարդ կար, որի անունը մինչ օրս գաղտնիք է: Կարելի է փաստել միայն, որ նա լքեց Մուտիին այն ժամանակ, երբ իմացավ վերջինիս հղի լինելու մասին: Հետո Մուտին լույս աշխարհ բերեց իր առաջին դստերը' Նայկեին, և երբ լրացավ նրա 1 տարեկանը, ամուսնացավ Ալեսիո Օրանոյի հետ, ով արդեն վաղուց անտարբեր չէր իր նկատմամբ: «Առաջին անգամ ես ամուսնացա, որովհետև վստահ էի' ինձ կին կզգամ միայն այն ժամանակ, երբ մարդիկ ինձ «մադամ» կասեն: Երիտասարդության սխալ», - հետագայում ասել է Մուտին:
Կարիերայում ամեն ինչ հարթ ընթացավ: Իսկական փառքը նրա մոտ եկավ Մարիո Մոնչելիի «Ժողովրդական վեպ» ֆիլմից հետո: Հարազատ Իտալիայում նրան սկսեցին կոչել «Դոննա-բամբինա»' «Կին-երեխա», քանի որ դերասանուհին էկրաններից նայում էր մե'կ սեքսուալության կատարյալ մարմնացման, մեկ անպաշտպան ու դյուրահավատ երեխայի աչքերով:
Հետո նա նկարահանվեց Մարկո Ֆերերիի «Վերջին կինը» ֆիլմում, որտեղ նրա հետ հանդես էր գալիս դերասան Ժերար Դեպարդյեն: Հենց նկարահանումների ժամանակ սկսեցին խոսակցություններ պտտվել Օռնելայի ու Ֆերերիի սիրավեպի մասին, ինչն էլ քայքայեց դերասանուհու առաջին ամուսնությունը: Նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում Օռնելա Մուտին հայտնի դարձավ միայն այն բանից հետո, երբ Ադրիանո Չելենտանոյի հետ համատեղ նկարահանվեց «Կամակոր տղամարդու սանձահարումը» կատակերգությունում, որում Չելենտանոն մարմնավորում էր ամուսնությունից կտրականապես խուսափող տղամարդու կերպար, իսկ Մուտին փորձում էր, ինչ գնով էլ լինի, գայթակղել նրան: Այդ ֆիլմը ցնցեց աշխարհը, և կրկին սկսեցին սիրավեպի մասին խոսակցություններ պտտվել, այս անգամ թիրախում Չելենտանոն էր: Հետագայում ռուսական ТВЦ հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ Մուտին խոսոտվանեց. «Դերասանների համար դա նորմալ է' սեր նկարահանումների ընթացքում»: Սա, գուցե, մի քիչ մեղմ է ասված, քանի որ նրանց մեջ ձևավորվել էր իսկական կիրք: Ասում են' Մուտին ամեն օր վազում էր նկարահանումների այնպես, ինչպես ժամադրության կգնար, և միայն մեկ «բայց» կար. Չելենտանոն ամուսնացած էր ու չէր պատրաստվում բաժանվել: 90-ականների վերջին Օռնելան երկրորդ անգամ ամուսնացավ, այս անգամ իտալացի բիզնեսմեն Ֆակինետիի հետ, ումից շատ շուտով բաժանվեց: Պատճառը պարզ էր. Չելենտանոն ու Մուտին շարունակում էին հանդիպել ու չէին թաքցնում դա:«Ադրիանոյի հետ կյանքը լցված էր երջանկությամբ: Աստված իմ… ինչեր էինք մենք անում: Երկար ժամանակ սիրեկաններ էինք: Բայց միևնույն թռիչքի թռչունները չեն կարող հաշտ ապրել նույն բնում. ստիպված եղանք բաժանվել»,-հետագայում ասել է Մուտին:
Սկսած 1998-ից, Օռնելան ապրում է Հռոմի հայտնի պլաստիկ վիրաբույժներից մեկի' Ստեֆանո Պիկոլոյի հետ' քաղաքացիական ամուսնությամբ:
Շատերն ասում են, թե այն, որ հայտնի դերասանուհին մինչ օրս հիասքանչ տեսք ունի, Պիկոլոյի մասնագիտության հետ է կապված, բայց մի առիթով հենց Մուտին է ասել, որ ինքը չի թոշնում, որովհետև ապրում է սիրով շրջապատված. «Ի՞նչ պլաստիկ վիրաբուժություն: Ես ճոխ կրծքեր ունեմ, որովհետև երեք երեխայի եմ կերակրել: Չեմ ցանակնում սիլիկոնե տատիկ դառնալ: Ուզում եմ տարեց սենյորա լինել, ում համար տարիքը հոգևոր զարգացման հետ է ասոցացվում»:
Օռնելան այժմ Պիկոլոյի հետ նաև համատեղ բիզնես ունի: Նրանք մեծ քանակությամբ խաղող են աճեցնում և զբաղվում գինու արտադրությամբ:
Ի դեպ, բոլորովին վերջերս Մուտին արժանացավ երկրի ամենասեքսուալ տատիկի կոչմանը, քանի որ նա ունի երկու աղջիկ և մեկ տղա, ովքեր էլ արդեն իրենց զավակներն ունեն: Իրականում Մուտիի փայլի ու գեղեցկության գաղտնիքը չափի զգացումն ու հանգստությունն են: Նա չի խմում, չի ծխում, աշխատում է հնարավորինս շատ քնել, զբաղվում է սպորտով: Ի վերջո, Մուտին երջանիկ մայր ու տատիկ է: Նրա առաջին դուստրը զարմանալիորեն նման է մորը:
Նա նույնպես նկարահանվում է ամսագրերի համար, ֆիլմերում:
Գեղեցկությունը հավերժ չէ և հարաբերական է: Ցանկացած կին գեղեցիկ է ինչ-որ իմաստով: Կարծում եմ' մարդու ներաշխարհն ինչ-որ լույս է արձակում, ինչն էլ մենք գեղեցկություն ենք անվանում: Իմ դեմքն այժմ փոփոխվում է և ոչ դեպի դրականը: Ամեն անգամ, երբ տեսնում եմ հերթական փոփոխությունը, աշխատում եմ հանգստացնել ինքս ինձ' ասելով, թե սա կյանք է ու այդպես պետք է լինի: Իմ մեջ ներդաշնակություն եմ փնտրում: Դա ինձ վստահություն ու հանգստություն է ներշնչում:
Ես երազում եմ միայն ներդաշնակության մասին, ուզում եմ, որ երեխաներիս կյանքն էլ ներդաշնակ լինի: Որպես արվեստի մարդ, ուզում եմ մշտապես ինչ-որ նոր բան անել ու մարտահրավեր նետել:
Մայր լինելը դժվար է, իսկ երեք երեխաների մայր լինելը' շատ դժվար: Եվ խնդիրն այն չէ' դու դերասանուհի ես, բիզնես-լեդի, թե տնային տնտեսուհի: Բոլորի համար էլ դժվար է տեսնել, թե ինչպես են տառապում երեխաներդ, երբ նրանց մոտ մի բան չի ստացվում: Ես երջանիկ եմ, երբ երեխաներս են երջանիկ:
Չելենտանոն ունիկալ էր: Նրա նմանը չկա և չի լինի: Նա կարողանում էր իր հետևից ամբոխ տանել, որովհետև իսկական դերասան էր: Նրա հետ աշխատանքը միայն երջանկություն էր պատճառում և ես հիշում եմ այդ օրերը, որպես լավագույնն իմ կյանքում:
Ճիշտն ասած' ես չեմ կարող համեմատվել հոլիվուդյան դերասանուհիների հետ: Նրանք ունեն մի բան, որ Իտալիայում չկա' մրցամոլ ոգի:
Այո, ես զբաղվում եմ բարեգործությամբ, բայց չեմ ցանկանում շատ խոսել դրա մասին: Բոլորս էլ պետք է կիսվենք միմյանց հետ, քանի որ կյանքը դաժան է, մարդիկ տառապում են, մինչ դեռ այդպես չպետք է լինի:
07-08-2026 13:01 Անցել է ուղիղ մեկ տարի այն ժամանակվանից, երբ Դենիզ Ռիչարդսը անհավանական կերպարանափոխություն ապրեց։ 55-ամյա դերասանուհու արտաքինը նկատելիորեն փոխվեց անցյալ ամռանը. նա կրկին այնպիսի տեսք ունի, ինչպիսին 20 տարի առաջ էր։ Ժամանակ անց նա վերջապես պատրաստ է բացահայտել այն դժվարությունները, որոնց միջով անցել է դրան հասնելու համար։ Վերջերս «Dumb Blonde» փոդքասթում ունեցած ելույթում Ռիչարդսը անկեղծորեն խոստովանեց, որ պլաստիկ վիրահատության դիմելու իր որոշումը «լավագույն բանն էր, որ կարող էի անել ինձ համար»։
07-08-2026 12:58 Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03 Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15 Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49 Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին: