Աղցան «Դաշնամուր»
21.03.2012
Եթե սիրում եք խոհանոցում հրաշքներ գործել ու զարմացնել ընտանիքի անդամներին, հյուրերին այս բաղդրատոմսը հենց Ձեզ համար է: Առավել եւս եթե սիրում եք դասական երաժշտություն... :) «Դաշնամուր» աղցանի պատրաստման համար անհրաժեշտ է՝
4 հատ եփած ձու,
150-200 գ պինդ պանիր,
250-300 գ հավի եփած միս,
200 գ եփած շամպինիոն,
մարինացված սոխ,
100 գ ընկույզ,
250-300 գ մայոնեզ:
Զարդարելու համար կարող եք օգտագործել՝
1 հատ պանրիկ,
3-4 ձվի սպիտակուց,
3 հատ սալորաչիր,
1 հատ փոքր լոլիկ,
մաղադանոս:
Պատրաստման եղանակը.
Աղցանը ստանում ենք շերտերով' ձվի կտրատած սպիտակուց, խորանարդաձև կտրատած հավի միս, սոխ, սունկ, պանիր, մանրացրած ընկույզ, կտրատած դեղնուց:
Բացի հավի մսի շերտից, մյուս բոլոր շերտերի վերջում ավելացնում ենք մայոնեզ' փորձելով ցանց պատկերել: Վերջին' դեղնուցի շերտի վրա ևս ավելացնում ենք մայոնեզ ու հարթեցնում «դաշնամուրի» մակերեսը:
«Դաշնամուրի» մի մասը զարդարում ենք ձվի սպիտակուցով: Մյուս մասում պանրիկների միջոցով փորձում ենք ստանալ սպիտակ ստեղնաշար: Սև ստեղների համար օգտագործում ենք սալորաչիր: Լոլիկի եւ մաղադանոսի միջոցով կարող ենք ստանալ նաև գեղեցիկ ծաղիկ (առավել ռոմանտիկների համար):
Բարի ախորժակ:
Դիտվել է 9155 անգամ
Читать на русском
|