Փարիզի Սանտ Լուիս-էն-Իլ եկեղեցում hոկտեմբերի 3-ին մենահամերգով հանդես է եկել Ֆրանսիայում և Հայաստանում մեծ ճանաչում ստացած Անահիտ Բ-ն (Բոյաջյան):
Համերգի ընթացքում երգչուհու կատարմամբ հնչել են հայկական ժողովրդական երգեր՝ «Նոր Աշուղ» հայկական ժողովրդական երաժշտության խմբի նվագակցությամբ։
Համերգը կազմակերպվել է Լ`իլ-ի (կղզու) 35-րդ Երաժշտական փառատոնի շրջանակներում։
Հանդիսատեսը, որի շարքերում հայերից բացի ներկա էին մեծաթիվ ֆրանսիացիներ, բարձր գնահատանքով է ընդունել Անահիտ Բ-ի յուրահատուկ կատարումները։
Անահիտ Բ-ն լայն ճանաչում ստացավ 2021թ մարտին ֆրանսիական երաժշտական «The Voice» նախագծին մասնակցելուց հետո, որտեղ ժյուրիին և հանդիսատեսին հմայեց հայկական երգերի գեղեցիկ կատարմամբ։
Այժմ Անահիտ Բ-ն ծավալում է ակտիվ համերգային գործունեություն, ձայնասկավառարկներ թողարկում։ Այս ամենը նա անում է իր «Նոր աշուղ» հայկական ժողովրդական երաժշտության խմբով:
Երգչուհին համերգներ է ունեցել նաև Հայաստանում, որտեղ արդեն 4 տարի երգի դասեր է առնում գուսան Մխիթար Քեթցյանի և Ալեքսանդր Պողոսյանի մոտ։ Անահիտի կատարողական վարպետության հղկման գործում մեծ է դուդուկահար Եղիշե Մանուկյանի դերակատարությունը։
Ծնվել է Ֆրանսիայում, հայկական ընտանիքում՝ հայրը՝ երաժիշտ, մայրը՝ հայկական պարերի ուսուցիչ։ Ստացել է ջութակի դասեր, 7 տարեկանից հաճախել երգի դասընթացների: 17 տարեկանից երգեր է հեղինակում և կատարում։ Մասնագիտությամբ վեբ-դիզայներ է՝ մասնագիտացված վեբ կայքերի մշակման մեջ:
Սփյուռքում հայապահպանությունը երգչուհու համար առաջնահերություններից է։ Այս առումով, ըստ նրա՝ առաջին արժեքն ընտանիքն է, ապա՝ կրթությունը: Երիտասարդների համար մեծ կարևորություն ունի հայկական համայնքի հետ շփումը, հայրենակիցների հետ կապ պահպանելը: Անահիտ Բ-ի համոզմամբ՝ սփյուռքի հայության համար մեծ նշանակություն ունի Հայաստանի հետ կապը: Նրա խոսքով՝ հենց հայկական հողի հետ անմիջական շփումից կարող ես հաղորդակից լինել քո ազգային ինքնությանը։
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: