LN-ի հյուրասրահում է «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը:
-Կյանքն իսկապե՞ս գեղեցիկ ես համարում, ինչպես քո «Life is really beautiful» («Կյանքն իսկապես գեղեցիկ է») երգում ես ասում:
-Յուրաքանչյուրն ունի իր աշխարհը և տեսնում է այն իր ձևով: Ես տեսնում եմ, որ կյանքն իսկապես հրաշալի է: Կյանքում ամեն ինչն է գեղեցիկ: Երգը մի մարդու մասին է, ով միայն մահանալիս է սկսում գնահատել այն ամենը, ինչ շրջապատում է իրեն' իր հարազատներից սկսած մինչև ծառերն ու բնությունը:
-Ո՞րն է քո ոգեշնչման աղբյուրը, ունե՞ս մուսա:
-Կյանքն է մուսա: Կախված է նրանից, թե ինչ տրամադրություն ունես: Կարևոր է, որ օրդ ունենա գույն, աուրա, ինչ-որ չկրկնվող բան լինի կամ քո մեջ ինչ-որ բան փոխվի: Ու հենց դա էլ մուսա կդառնա ինձ համար:
-Երբևէ սիրահարվե՞լ ես:
-Հաճախ եմ սիրահարվում: Եվ երբ սիրահարվում եմ, երգեր են ծնվում:
-Առաջին սիրո հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք է լինում սովորաբար: Կա՞ նման բան քո դեպքում:
-Առաջին սեր եղել է դպրոցական հասակում: Պլատոնական սեր էր, նա նույնիսկ չգիտեր, որ սիրում եմ: Մենք անգամ չէինք էլ շփվում, բայց Սբ. Վալենտինի օրը քրոջս խնդրում էի, որ իմ անունից նամակ գրեր նրան: Ես էլ տանում էի իրենց դռան մոտ դնում, զանգը տալիս ու փախչում:
-Հաճա՞խ ես սեր խոստովանում:
-Եղել են սիրո խոստովանություններ: Ուղղակի ինձ մոտ մի փոքր այլ կերպ են լինում: Ես կարող եմ շատ երկար ամաչել ու ոչինչ չասել , մեկ էլ միանգամից բռնեմ ու համբուրեմ: Մարդիկ տարբեր կերպ են սեր խոստովանում: Ինչ-որ մեկը կարող է պարել, և դա իր սիրո խոստովանությունը լինի: Ես միշտ ամաչելով եմ սեր խոստովանել, կմկմալով…
-Եղե՞լ է, որ քեզ սեր խոստովանեն:
-Այ ինձ շատ են սեր խոստովանել: Գլուխ չգովեմ, բայց եղել են: Մի անգամ մեկը եկավ ու ասաց, որ սիրում է ու ուզում, որ ընկերություն անենք:
- Իսկ դո՞ւ:
-Դե ,ես էլ ասացի, որ կմտածեմ (ծիծաղում է-LN):
-Հարցազրույցներում բազմից ասել ես, որ երգի մեջ կարևոր է անկեղծությունը: Անկե՞ղծ ես քո երգերում:
-Միանշանակ, անկեղծությունը կարևոր է ամենուր: Իհարկե, անկեղծ եմ:
- Իսկ այդ ո՞ւմ պատճառով են քո գիշերներն անքուն, ինչպես Sleepless nights երգում է:
-Իմ մտքերի պատճառով: Առողջ տղամարդը գիշերը մտածում է (ծիծաղում է-LN): Գիշերը, երբ բոլորը քնած են, մտածելու համար շատ հարմար պահ է: Ազատ է մագնիսական դաշտը, հեշտ է լինում մտածել ու վերևից ինչ-որ բան քաղել:
-Fly է կոչվում «Դորիանս»-ի առաջին ձայնասկավառակը, որի մեջ կա նաև համանուն երգ, որտեղ հավատում եք, որ կարող եք թռչել, ազատ լինել, իսկապես հավատո՞ւմ ես:
-Այո՛, շատ հաճախ եմ թռչում:
-Իսկ ո՞վ է քեզ թռչելու թևեր տալիս:
-Ես ինքս ինձ: Իսկ ընդհանրապես բոլորն են ինձ թևեր տալիս' հարազատներս, ընկերներս: Իսկ եթե կին արմատ նկատի ունես, ապա դեռևս չկա այդպիսի մեկը:
-Ի՞նչ է քեզ համար ազատությունը:
-Կարևորը դու քեզ ազատ զգաս: Բայց ազատություն չի նշանակում, որ դու կարող ես ամեն ինչ անել: Շատերը սխալ են հասկանում էդ ազատություն ասվածը: Ինձ համար ազատությունն իմ կյանքն է, բեմը, երբ ես երգում եմ:
-Ձեր երգերից մեկում (You and me) ,եթե չեմ սխալվում այսպիսի մի հատված կա,որ տղամարդը կնոջն առաջարկում է ազատ հարաբերություններ, առաջարկում է սիրել միմյանց և հնարավոր է, որ ամուսնանան, իսկ կինն ասում է, որ նախապես ամուսնություն, հետո նոր սեր, երեխաներ… ճի՞շտ եմ ընկալել ձեր ասելիքը:
-Ընդհանրապես երգում ասվում է, որ կենդանիներն ավելի ազատ են իրար սիրում, քան մարդիկ: Մարդկանց մեջ շատացել է հաշվարկ ասվածը: Պարզապես կինն ավելի քիչ ռոմանտիկ է, քան տղամարդը…
-Իսկ դու ռոմանտի՞կ ես:
-Ունեմ աշխարհ, որտեղ ապրում եմ, պատկերացումներ ունեմ, գույներ եմ տեսնում: Կարող եմ շատ ավելի ռոմանտիկ բաներից խոսել, որ նույնիսկ կինը չկարողանա հասկանալ:
-Սերը տարբե՞ր է տղամարդկանց և կանանց ընկալմամբ: Ինչպե՞ս ես դու այն ընկալում:
-Սիրո մոտեցումները կարող են տարբեր լինել, բայց սերը միակ հաստատված ոչ հարաբերական բանն է: Նա, ով ասում է, թե սեր չկա, փուչ մարդ է: Սեր կա ու շատ կա: Երբ մի բան քեզ ստիպում է,որ քո էգոն սպանես ու ապրեցնես ինչ-որ բանի համար, այ դա է ինձ համար սերը:
-Համամի՞տ ես, որ բոլոր կանայք գեղեցիկ են:
-Իհարկե ո՛չ: Կան ԳԵՇ կանայք , որոնք ներքուստ են գեշ, ոչ թե արտաքուստ: Ամենագեղեցիկ կինն էլ կարող է բացել բերանն ու քո աչքին այլևս գեղեցիկ չթվալ: Կարող է նաև արտաքուստ շատ գեղեցիկ չլինել, բայց այնպիսի ներաշխարհ ունենա, որ դու չնկատես իր արտաքինը:
-Բազմաթիվ երկրպագուհիների համար ցանկալի փեսացու Գոռը ինչպիսի՞ն է պատկերացնում իր հարսնացուին:
-Չգիտեմ: Դեռ չեմ մտածել' մեծ աչքերով պետք է լինի, թե մեծ գլխով (ծիծաղում է-LN): Սիրահարվելիս էլ չգիտեմ' ինչին եմ սիրահարվում: Ինչ-որ լույս է հայտնվում այդ մարդու վրա, ու հասկանում եմ, որ հենց ինքն է:
-Ասում են, որ ռոք երգիչները ստանդարտից դուրս աղջիկների են հավանում , համաձա՞յն ես:
-Արդեն ռոքի մեջ էլ է ստանդարտ դարձել:Ես կփորձեմ, որ ստանդարտից դուրս լինի իմ հարսնացուն,բայց չեմ պատրաստվում ջանք գործադրել, որ ոչ մեկին նման չլինի: Տեսնենք'ոնց կլինի: Երևի չասեմ' ինչ կոմպլեկցիայով աղջիկ եմ սիրում (ծիծաղում է-LN):
-Իսկ եթե ասե՞ս:
-Դե չէ, կազմվածքի մասին չեմ ասի: Երևի միջին չափսերի էլի: Սիրում եմ բարձրահասակ' 170 –ի մոտ աղջիկների, երկար մազեր եմ սիրում: Կարևորը ժպիտը սիրուն լինի: Անպայման եկեղեցում կամուսնանանք. ես սիրում եմ էդպես' կինոյի նման:
-Իսկ այդ արարողությունը հայկական բոլոր ադաթներո՞վ կլինի:
-Չէ, չէ: Հաստատ «տանայ-նանայ»-ով, սինիներով չի լինելու: Կարմիր խնձոր էլ չի լինելու:
-Կա՞ն բնավորության գծեր, որ Գոռի հարսնացուն անպայման պետք է ունենա:
-Կարևորը անկեղծ լինի, առանց խաբելու: Ես խանդոտ եմ: Եթե մեկին նվիրվում եմ, ուրեմն խանդում եմ շատ: Պետք է ինձ համար նաև ընկեր լինի: Եթե մարդ անկեղծ է, ամեն ինչ կարելի է հանդուրժել:
-Քեզ համար նշանակություն ունի՞ նրա աշխատանքի ոլորտը:
-Ցանկալի չի լինի, որ շոու բիզնեսից լինի,բայց դե միանշանակ չէ: Ասում են, որ «սերն աթարին էլ ա կպչում»:
-Առանձնացնո՞ւմ ես սիրո տեսակներ:
-Սերը մի հատ մեծ, գլոբալ բան է, որ այսօր պակասում է աշխարհում: Երեխան սեր է, հասկանո՞ւմ ես: Արդեն երեխա ունենալը ոչ ակտուլա է դարձել աշխարհում: Մարդիկ մտածում են` դե լավ է, ինչ ամուսնանալ, ինչ երեխա: Իրենք մենակ «տժժալու» մասին են մտածում: Այնինչ շատ կարևոր է սերունդ ունենալը ու առողջ սերունդ: Պետք է մտածել այդ մասին…
-Իսկ դու մտածո՞ւմ ես: Մտադրություն ունե՞ս ընտանիք կազմելու կամ լուրջ հարաբերությունների մոտ ապագայում….
-Միանշանակ, մտածում եմ այդ մասին: Բայց մոտ ապագայում հաստատ չի լինի, 30-ից հետո:
LN-ի մնացած հարցերին Գոռը խոստացավ պատասխանել այն ժամանակ, երբ ընտանիք կկազմի և ավելի խորը պատկերացումներ կունենա կնոջ ու ընտանեկան հարաբերությունների մասին:
09-09-2026 10:40 Սեպտեմբերի 8-ին Վենետիկի կինոփառատոնը հատկապես հուզիչ շրջադարձ ունեցավ։ Այդ օրը տեղի ունեցավ Էլեն Բյորստինի հուզիչ մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները ներկայացրեցին նաև երեք դրամատիկ ֆիլմ՝ «Հայացք հետ»՝ Հիրոկազու Կորե-եդայի երկու դպրոցական աղջիկների մասին պատմող չափահասության պատմություն, Տոմմասո Լանդուչիի «Իմ աղջիկները»՝ ծանր հաշմանդամ երեխայի հոր մասին պատմող պատմություն, և Պաոլո Ստրիպպոլիի «Անծանոթը»՝ դետեկտիվ տարրերով դրամատիկ թրիլեր՝ մութ ընտանեկան գաղտնիքների մասին։
09-09-2026 10:38 Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է առաջացել իր՝ այժմ վիրուսային դարձած հեշտոցի բույրով մոմերի՝ This Smells Like My Vagina գաղափարը, որը նա թողարկել է 2020 թվականին: Փելթրոուի խոսքով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը և ստեղծագործական տնօրեն Դուգլաս Լիթլը մշակում էին «հողային» բույր Goop ապրանքանիշի համար: Նրանք ուսումնասիրում էին լոլիկի տերևի և ջրիմուռների նոտաները, երբ նա պատահաբար հանդիպել է մի բույրի, որը դուր է եկել: «Ես նրան ասացի. «Սա բուրում է ինչպես իմ հեշտոցը»: Կատակում եմ», - խոստովանել է 53-ամյա դերասանուհին YouTube-ի Friends Keep Secrets փոդքասթում: Այնուամենայնիվ, Լիթլը Փելթրոուի գաղափարը «հանճարեղ» է համարել: «Նա կարծեց, թե ես լուրջ եմ ասում, և պատրաստեց մոմ՝ «Սա բուրում է ինչպես իմ հեշտոցը» անվամբ»:
09-09-2026 10:37 Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո երկրի բնակիչների շրջանում առաջացան բազմաթիվ տրամաբանական հարցեր։ Առաջին հերթին դրանք վերաբերում էին սասեքսցիների կարգավիճակին և այն հարցին, թե արդյոք նրանք կկարողանան հեշտությամբ միանալ թագավորական ընտանիքին։ Չարլզ III-ը վերջապես որոշեց պատասխանել դրանց։ Վերադարձից հետո առաջին անգամ, ըստ Daily Mail-ի, նա խախտեց լռությունը և հատուկ նամակ ուղարկեց պետական ծառայողներին՝ նշելով, որ ո՛չ իր որդին, ո՛չ էլ նրա կինը այլևս չեն ներկայացնելու միապետությունը։
09-09-2026 10:32 Նուշը նկատելիորեն չի թեթևացնում տագնապայնության և դեպրեսիայի թեթև ու չափավոր ախտանիշները։ 84 մասնակցի ներգրավմամբ անցկացված 12-շաբաթյա փորձարկման արդյունքում նման եզրահանգման են եկել Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները։ Նուշը նաև չի ազդել աղիքային միկրոֆլորայի կազմի կամ կարճշղթա ճարպաթթուների մակարդակի վրա։ Այսպիսով, հետազոտությունը չի հաստատել ենթադրությունն այն մասին, թե նուշի կանոնավոր օգտագործումն ընդունակ է բարելավել հոգեվիճակը աղիների փոփոխությունների միջոցով։
09-09-2026 02:51 Ավստրիայում հայտարարվել է 22-ամյա Լուսիա Սիսիչի մահվան մասին, ով կրում էր «Միսս Ավստրիա 2024» տիտղոսը։ Նա ծննդյան օրվանից պայքարում էր սրտի ծանր հիվանդության դեմ և կյանքի ընթացքում բազմաթիվ վիրահատությունների էր ենթարկվել, սակայն նրա մահվան ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չէ։