Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես հասարակ աղջիկ էի, ով ուզում էր մի փոքր ճանաչվածություն, բայց ստացավ համաշխարհային փառք.Կայլի Մինոուգ

08.01.2013

Հայտնի փոփ դիվա Կայլի Մինոուգը, ով հասել է անհավանական փառքի ու ճանաչվածության, անգամ ամենաբարձր բարձրակրունկներով թվում է փոքրիկ, նուրբ ու փխրուն, ինչպես ճենապակյա տիկնիկ:  Ընդամենը 152 սմ հասակով այս ավստրալուհի աղջնակի էներգիան բավականացրեց գրավելու ամբողջ աշխարհի ուշադրությունը:

Կայլի Մինոուգը ծնվել է 1968 թ. մայիսի 28-ին Ավստրալիայում: «Հայրս իռլանդացի է, ապրել է Ուելսում, իսկ բոլոր իռլանդացիները ներքուստ երաժիշտներ են: Մայրս բալետի պարուհի էր: Մի խոսքով` ստեղծագործ ընտանիք ունեմ»:

5 տարեկանում Կայլին արդեն պարի դասընթացների էր մասնակցում: Սակայն առաջին փորձերն իսկ անհաջող էին: «Հենց առաջին ելույթիս ժամանակ այնպես էի խառնվել, որ մարդկանց թվում էր, թե անդամալույծ եմ: Երեխաները շրջանցում էին ինձ, իսկ ղեկավարս կուլիսներից հուշումներ անում: Ստացվեց այնպես, որ հայրս բարձրացավ բեմ, վերցրեց ինձ ու տարավ»,- պատմում է Կայլին: 

Կայլիի ծնողները որոշում են նրան երաժշտական դպրոց տանել: Այստեղ արդեն նա ցույց տվեց իր տաղանդը: Աղջիկը հիանալի նվագում էր դաշնամուր և անգամ հանրապետական մրցույթներից մեկի ժամանակ զբաղեցրեց երկրորդ տեղը: «Ես չէի սիրում երկար ժամանակ միևնույն բանով զբաղվել, դրա համար դաշնամուրին արագ փոխարինեցին ուրիշ գործիքներ»: Իրար ետևից աղջիկը փոխում է գործիքները` դաշնամուր, քսիլոֆոն, ջութակ, ֆլեյտա:

Բացի Կայլիից, ընտանիքում կային ևս երկու երեխաներ` Բրենդոնն ու Դանին:  Ի դեպ Դանի Մինոուգը բավականին հանրահայտ երգչուհի է Ավստրալիայում: «Ես ու քույրս երազում էինք հայտնի դառնալ:  Դանին ավելի շուտ սկսեց իր կարիերան և, անկեղծ ասած, ես հաճախ նախանձում էի նրան»:

Քույրերը սկսում են իրենց կարիերան դեռ 11 տարեկանից: Աղջիկների մայրը նրանց բերում է ավստրալական հեռուստաընկերություններից մեկի կազմակերպած քաստինգին, որտեղ աննկատ չի մնում կապտաչյա, խոպոպներով աղջնակը` Կայլին: Կայլիին առաջարկում են նկարահանվել հեռուստասերիալներից մեկում: Այս րոպեից նրա կյանքը վերածվում է անվերջ նկարահանումների: Այս սերիալը թեև այդքան էլ ճանաչվածություն չի բերում Կայլիին, բայց նրա կարիերան հեռուստատեսությունում այս սերիալով է սկսվում: Ավելի ուշ թինեյջերական «Հարևանները» սերիալը Կայլիին դարձնում է հանրահայտ ամբողջ Ավստրալիայում: Կայլի Մինոուգի կյանքում անհավանական հաջողությունների շրջան էր: Իդեալական էր նաև անձնական ոլորտը: Կայլին սիրավեպ ուներ թինեյջերների կուռք  Ջեյսոն Դոնովանի հետ: Վերջինս ֆիլմում Մինոուգի գործընկերն էր:  «Ես սիրում էի նրա ռոմանտիզմը. նա հիանալի դաստիարակություն ուներ, իսկական ջենթլմեն էր»:

Էլ ի՞նչ է պետք  դեռահաս աղջկան: Հիանալի աշխատանք, ճանաչվածություն, սեր… Կայլին շաբաթական վաստակում էր 2000 դոլար:  Բայց սա էլ էր քիչ նրա համար: Աղջիկը սկսում է երգել և  բավական լավ…  1986 թ. բարեգործական երեկույթներից մեկի ժամանակ Կայլին երգում է The Loco-Motion երգը և միանգամից պայմանագիր կնքում Mushroom Records-ի հետ:  «Մի վայրկյանում իմ կյանքը գլխիվայր շուռ եկավ: Ես հստակ կարող եմ ասել, որ բեմից ես չեմ պատրաստվում հեռանալ»: 

 Չհասցրեց Մինոուգը հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ հայտնվեց Լոնդոնում` ձայնագրման ստուդիայում, որտեղ նրա համար արդեն գրված էին հետագա հիթերը:

Կայլիի երկրորդ սինգլը` I Should be So Lucky , որը մեծ եկամուտներ է բերում և համարվում տարվա ամենավաճառվածը, դառնում է նրա համար կյանքի ուղեցույց:

«Անհաջողություններ շատ են եղել իմ կյանքում, բայց դրանք միշտ աննկատելի են այն մեծ հաջողությունների կողքին, որոնք եղել են: Ես իսկապես բախտավոր աստղի տակ եմ ծնվել»:

1988-ին լույս է ընծայվում Կայլի Մինոուգի առաջին ալբոմը` «Kylie» : Բրիտանիայում և Ավստրալիայում այս ալբոմը դառնում է ամենապահանջվածը:

Կայլին դարձավ իսկական տիկնիկ: Նրա քայլերը շատ մանրամասն որոշում էին նրա պրոդյուսերները: Սկզբնական շրջանում դա նրան դուր էր գալիս, իսկ հետո… Արդեն շուտով Կայլին ուզում է փոխել իմիջը, նմանվել Մադոննային: Աղջիկը հրաժարվեց բոլոր նկարահանումներից:  Պրոդյուսերները  չեղյալ համարեցին պայմանագրերը:  Սակայն սա չէր կարող խնդիր դառնալ Մինոուգի համար, քանի որ հերթի մեջ հազարավոր պրոդյուսերներ էին, ովքեր երազում էին աշխատել նրա հետ:

Շուտով Կայլին ներկայացավ բոլորովին նոր իմիջով, նոր աշխատանքներով:  Հասարակ աղջկանից նա վերածվեց սեքսուալ կնոջ, ինչն էլ ավելի մեծացրեց փառքը: Նա իրար ետևից թողարկեց զուգերգեր բավականին հայտնի երգիչների հետ` Ռոբի Ուիլյամս, Մայքլ Հաթչենս, Նիկ Քեյվ:   Օր օրի նրա եկամուտներն ու ճանաչվածությունը աճում էին:

«Ես չէի հասկանում, թե ինչու են բոլորն իրենց  նորածին փոքրիկներին անվանակոչում Կայլի: Ես հասկացա դա մի օր, երբ ծանոթներից մեկն ինձ ասաց, որ շուտով Անգլիայում բոլոր երեխաներին միանման են կանչելու, և դրա մեղավորը ես եմ»: 

Կայլի Մինոուգի և Մայքլ Հաթչենսի միջև սիրավեպ է սկսվում: 

Բոլոր ամսագրերի շապիկներից այս զույգը ժպտում է հանրությանը: Մայքլն իսկական ռոք աստղ էր, որի կյանքը անհասկանալ խառնաշփոթ էր: Նա ծխում էր, խմում, քնում այնտեղ, որտեղ ուզում էր, թմրանյութեր օգտագործում: Դեղին մամուլի համար իսկական պարգև էր այս զույգը: Նրանք անդադար խոսում էին այն մասին, թե ինչպես է զույգը սիրով զբաղվում ինքնաթիռի մեջ, նավի վրա, կռվում փողոցներում և այլն: Մի անգամ Կայլին խնդրում է Մայքլին նկարագրել իր մազերի գույնը և վերջինս գրում է Suicide Blonde երգը:  Սակայն Կայլիի համար կարճատև էին նաև սիրավեպերը:  Հենց Մայքլի շնորհիվ Կայլին հասկացավ, որ ինքնուրույն պետք է տնօրինի իր կյանքն ու կարիերան: Սակայն Մայքլի դավաճանությունը Կայլին այդպես էլ չկարողացավ ներել:   Սա, իհարկե, ծանր հետք թողեց նրա կյանքում: Իր շրջագայություններից մեկի ժամանակ Կայլիին նախաճաշի հետ մատուցում են նաև  New York Times թերթը, որից էլ նա իմանում է, որ Մայքլը  կախվելու միջոցով ինքնասպան է եղել Սիդնեյի հյուրանոցի իր համարում:

1997-ին երգչուհին թողարկում է արդեն 7-րդ ալբոմը, որը դառնում է պլատինե: Կապված Լեդի Դիի մահվան հետ` ալբոմի իսկական անվանումը ` Impossible Princess, փոխում են:  «Ես մի ամբողջ տասնամյակ կարիերայիս գագաթնակետին եմ եղել, ինձ արդեն հոգնեցնում էին ձայնագրման ստուդիաների, ռեժիսորների առաջարկները:  Ես շոկի մեջ էի»:

Երգի հետ մեկտեղ Կայլի Մինոուգը չէր հրաժարվում նաև  կինոյից: Նրա բնատուր տաղանդը գնահատում էին ռեժիսորները, և նա մշտապես հիանալի դերեր էր տանում ֆիլմերում: Ավելի հայտնի են The Delinquents, Hayride to Hell,  Sample People,  Moulin Rouge!, Doctor Who  և այլն:

Բնականաբար այս ամենը ստիպեց Հոլիվուդին չարանալ Կայլիի հանդեպ: Իհարկե, նա բոլորովին չէր ուզում խամրեցնել Նիկոլ Քիդմանի, Բրիթնի Սփիրսի և ոչ մեկի փայլը, բայց անկեղծորեն խոստովանում էր, որ ցանկության դեպքում, կարող է:  «Մի կողմից՝ իմ կյանքում ամեն ինչ հիանալի է, բայց մյուս կողմից էլ՝ ես չեմ կարողանում հանգիստ ապրել, դուրս գալ փողոց առանց թիկնապահների, նստել մեքենա, մինչև այն չստուգվի: Իմ կոլեգաները պատրաստ են խեղդել ինձ»,-բողոքում է Մինոուգը:  Նրա լիմունիզում 3 անգամ պայթուցիկ են գտել: Մի քանի անգամ թունավորված է եղել այն ուտելիքը, որը ռեստորանում մատուցել են աստղին:  «Ես անընդհատ սպառնալիքներով լի նամակներ եմ ստանում, և դեռ չի հաջողվելկ պարզել, թե ով է դրանք ուղարկում ինձ, բայց ես համոզած եմ, որ դա պարզապես չար նախանձ է: Ինձ ավելի ինտենսիվ սկսեցին հետապնդել, երբ ես ճանաչվեցի  Ամերիկայի ամենասեքսուալ կինը»:


Սակայն ամենասեքսուալ կնոջ կոչումը չի օգնում Կայլիին դասավորել անձնական կյանքը: Փոխարենը,  երգչուհին որոշում է 27 միլիոն դոլարով տուն կառուցել: Սակայն հարևանները կտրականապես դեմ են նրա հարևանությանը: «Այդտեղ ապրելու համար ես պայմանագիր եմ կնքել հարևանների հետ և եթե խախտեմ որևէ կետ, ես ստիպված կլինեմ միլիոններ վճարել նրանց: Ես պետք է մկան նման ապրեմ` սուսուփուս, ոչ մեկին չխանգարելով: Ես պատրաստ եմ դրան»:

2000 թ. երգչուհին ներկայցնում է մի քանի հաջողված սինգլներ` Light Years ալբոմից, և կյանքն իրականում ևս դառնում է ավելի թեթև ու լուսավոր:  Մի քանի տարիների ընդմիջումից հետո ներկայացրած հիթերը նրան նորից բարձրացնում են առաջին հորիզոնականները:  «Ես իսկապես կարիք ունեի նորից առաջինը լինելու: Անգամ այդքան կարճ ժամանակահատվածն ինձ համար սպանիչ էր, երբ ես իմ անունը չէի լսում բոլոր հեռուստաալիքներով միաժամանակ»: 

Իսկ տղամարդկանց հարցում Կայլին այնքան էլ հաջողակ չէր: 2001թ. նրա կյանքում հայտնվեց  մոդել Ջեյմս Գուդինգը, որը 8 տարով փոքր էր երգչուհուց: «Ես երբեք չեմ թաքցրել, որ լուրջ պլաններ չունեմ Ջեյմսի հետ կապված»:  Ջեյմսից հետո Կայլին սկսում է հանդիպել ֆրանսիացի դերասան Օլիվիե Մարտինեսի հետ:  Նա թողարկում է նաև ներքնազգեստի իր հավաքածուն` Love Kylie

Թվում է, թե Կայլիի կյանքում ամեն ինչ հիանալի է: Նա նույնիսկ պատրաստվում էր ամուսնանալ Մարտինեսի հետ, սակայն…  «Միշտ այդպես է. երբ ամենից շատ ես ուզում ապրել, հայտնվում է ինչ-որ «բայց»…  »: Բժիշկները սարսափելի հիվանդություն են հայտնաբերում Կայլիի մոտ` կրծքի քաղցկեղ:  «Ես սարսափում էի, չէի հավատում, որ դա ինձ հետ է կատարվում: Դա իսկական մղձավանջ էր»: Նրա շրջագայությունները ստիպված չեղյալ են հայտարարվում: Կայլն ներողություն է խնդրում միլիոնավոր երկրպագուներից:

Երբ Կայլին հիվանդանոցում է հայտնվում, նրա մասին սկսում է հոգ տանել Մարտինեսը: Սակայն որոշ ժամանակ անց նրանք բաժանվում են: Պատճառը Մարտինեսի հարաբերություններն էին մեկ այլ մոդելի` Սարա Ժիվատիի հետ: «Մենք բաժանվել ենք, բայց ընկերներ չենք կարող չլինել: Չափազանց մոտ են մեր հոգիները: Ինձ թվում է` դա բնական է այն մարդկանց մոտ, ովքեր միասին են անցել բազմաթիվ դժվարությունների միջով»:

Հանրությունը բավականին երկար սպասեց Կայլիի վերադարձին: Կայլի Մինոուգը վերադարձավ բեմ, բայց բոլորովին փոխված: «Երբ դու ստիպված ես նորից աճեցնել մազերդ, թարթիչներդ, շատ բան սկսում ես վերագնահատել, փոխվում են կյանքիդ արժեքները: Դժվար է բառերով արտահայտել»:  Ամբողջովին փոխվում է Կայլիի օրակարգը: «Հիմա ես ավելի  շատ եմ անգործությամբ զբաղվում. ես հստակեցրել եմ աշխատանքիս ժամերը և որոշել, որ առողջությանս հաշվին ես ոչ մի ժամ ավել չեմ աշխատի»: 

Հիմա Կայլին անհամեմատ ավելի շատ է խոսում այդ շրջանի մասին, երբ բուժումից հետո վերադարձավ բեմ. նա այլևս չի բարդույթավորվում  այն փոփոխություններից, որոնք  եղան քիմիաթերապիայից հետո Կայլիի կյանքում: «Ինձ սարսափեցնում էր այն, որ դեղերի ահավոր  մեծ չափաբաժնից ես չէի կարողանում այլևս հագնել իմ կոստյումները: Ես սկսեցի մտածել, թե արդյոք ճիշտ եմ արել վերադառնալով բեմ»:

Կայլի Մինոուգի համար, բացի երգից ու կինոյից, հայտնվում են մի քանի այլ հետաքրքրություններ, ինչպես դիզայների աշխատանքը, գիրք գրելը, մոդելավորելը և այլն: «Ես անում եմ ամեն ինչ, որ նորից վերադառնամ ինքս ինձ:  Ինձ թվում է` ես չափազանց երկար ժամանակ դադարել էի զգալ ինքս ինձ»,- խոստովանում է Կայլի Մինոուգը: 

2010թ. Կայլին սկսում է հանդիպել մանեքեն Անդրես Վալենսկոսոյի հետ: Կայլիի և Անդրեսի հարաբերությունները մշտական քննարկման առիթ են եղել: Նրանց բազմաթիվ անգամներ բաժանել, միացրել, ամուսնացրել և ամուսնալուծել են լրագրողները: Նրանք միասին են մինչ օրս, սակայն ամուսնության և երեխաների մասին Կայլիի երազանքը դեռ մնում է երազանք… «Ես կարծում եմ, որ այս հարցը նույնպես կլուծվի մի օր: Իմ բոլոր ընկերուհիներն արդեն երեխաներ ունեն, իսկ ես` ոչ: Տարիքի հետ հնարավորություններն էլ անընդհատ պակասում են, բայց ես շարունակում եմ երազել»: 



Ես բավականին անպատշաճ բաներ եմ ինձ թույլ տվել: Ես պարզապես ուզում էի սեքսուալ լինեի:

Երբ արթնացավ իմ «ես»-ը,  բոլոր այն ձևական, անհաջող պատենդները, որ ստեղծել էին ինձ համար, ինքնըստինքյան վերացան:

Մարդկանց թվում է, թե իմ կենսագրությունն իմանալով, նրանք հիանալի ճանաչում են ինձ: Մինչև օրս ես ինքս ինձ լավ չեմ ճանաչում:  Ես ամեն օր արթնանում եմ թարմ մտքերով, ուրիշ աշխարհայացքով, նոր տեսակետներով:

Ես բազմաթիվ տրագիկ սանրվածքներ և հագուստներ եմ ունեցել:  Ինձ միշտ համարել են ոճային, նորաձև, բայց երբեք չեմ հետևել նորաձևությանը. ես ինքս եմ այն ստեղծել ինձ համար:

Երբ ես սիրալիր եմ, մարդկանց թվում է, թե ես սիրախաղ եմ սկսում նրանց հետ: Ես պարզապես քաղաքավարի եմ ինձ պահում:

Ես միշտ էլ մի փոքր ամաչում եմ, երբ հանում եմ հագուստս, և դա շարունակվում է մինչ օրս: Իհարկե ոչ ոք դրան չի հավատա, երբ տեսնի, թե ինչքան եմ ես լուսանկարվում ներքնազգեստով:

Ես համոզված չեմ, որ կարող եմ հիմա անել այն ամենը, ինչ արել եմ ժամանակին: Հիմա ինձ մի փոքր համարձակություն և թեթևամտություն է պակասում:

Ես հասարակ աղջիկ էի, ով ուզում էր մի փոքր ճանաչվածություն, բայց ստացավ համաշխարհային փառք ու ճանաչում: Այստեղից հետևություն` ցանկությունն արդեն աշխատանք է:

Մի բան հաստատ է. այս կյանքում ամենապետքական բաները երկուսն են` տաղանդն ու գեղեցկությունը:

 Նելլի Ղարիբյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5640 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2024 12:11
Գարնանը մարդիկ հաճախ ունենում են դյուրագրգռություն և անբացատրելի անհանգստություն, որի առավելագույն դրսևորումը կարող է լինել խուճապի նոպան: Վերջինիս հիմնական նշաններն են սրտի արագ  բաբախյունը, շնչահեղձությունը, վատառողջությունը և տարբեր վայրերում ցավերը: Մասնագետները խորհուրդ են տալիս չվախենալ նման իրավիճակում բժշկի դիմելուց և չփորձել ինքնուրույն հաղթահարել:
19-04-2024 12:06
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայացնի երկու շոու՝ «Cinema Medley «Interstellar»-ը և «Cinema Medley «Oppenheimer»-ը: Համերգները տեղի կունենան մայիսի 18-19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Cinema Medley» համերգին կհնչեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ» և այլ ֆիլմերի սաունդթրեքեր:
19-04-2024 12:03
Մեզի թեստը կարող է տարբերել դանդաղ աճող շագանակագեղձի քաղցկեղը նրա ագրեսիվ ձևից: Այս տեղեկատվությունը բժիշկներին թույլ կտա ավելի քիչ շագանակագեղձի անհարկի բիոպսիա պատվիրել, հայտնում են JAMA Oncology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները: 20 տարի առաջ բժիշկները բուժում էին շագանակագեղձի ցանկացած հայտնաբերված քաղցկեղ։ Սակայն հետազոտությունները հանգեցրել են մարտավարության վերանայման. այժմ հաճախ խորհուրդ է տրվում բուժել միայն արագ աճող շագանակագեղձի քաղցկեղը:
19-04-2024 12:00
Վիկտորյա Բեքհեմը լուսանկարվել է ELLE Spain-ի ֆոտոշարքում եւ բացահայտել ամուսնու՝ Դեւիդի հետ իր երջանիկ ամուսնության գաղտնիքը։ 50-ամյա դիզայները, ով 25 տարի ամուսնացած է նախկին ֆուտբոլիստի հետ, հարցազրույցում խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Վիկտորյան նշել է, որ Դեւիդը ոգեշնչում է իրեն, եւ խոսել է իրենց ամուսնությունը կենդանի պահող միակ բանի՝ ծիծաղի մասին։
19-04-2024 02:16
42-ամյա Նատալի Պորտմանն աղմկահարույց ամուսնալուծությունից հետո լուսանկարվել է միկրոշորտերով։ Պորտմանը լուսանկարվել է իտալական L՝Officiel-ի նոր համարի համար: Շապիկի համար ընտրվել է մի կադր, որտեղ դերասանուհին համբույր է հղում տեսախցիկի ուղղությամբ՝ կրելով  թափանցիկ ցանցավոր զգեստ Dior-ից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 685 անգամ
16.04.2024
Դիտվել է 214 անգամ
17.04.2024
Դիտվել է 175 անգամ
18.04.2024
Դիտվել է 114 անգամ
19.04.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster