Ինտիմ հիգիենա. ամենակարեւորը
15.02.2012
Կնոջ համար առողջությանը հետեւելը սկսվում է ինտիմ գոտու հիգիենայից: Բացի այդ, թարմության ու հարմարավետության զգացողությունը անփոխարինելի է ինքնավստահ լինելու համար։ Դրա համար ընդամենը մի քանի պարզ կանոնի է պետք հետեւել ամեն օր:
Առաջին հերթին պետք է բալանսավորված պահել արտաքին սեռական օրգանների բնական թթու-ալկալային հավասարակշռությունը: Դրա փոփոխության վրա կարող են ազդել մի շարք գործոններ՝ քլորացված ջուրը, ֆիթնեսով զբաղվելու ժամանակ մեծ ծանրաբեռնվածությունը, սինթետիկ ներքնաշորերը, նեղ հագուստը, միջադիրների մշտական օգտագործումը, դաշտանադադարը եւ այլն: Պետք է աշխատել խուսափել այս գործոններից, նաեւ ինտիմ գոտու մաքրության համար հոգ տանել ավելի հաճախ:
Ամենակարևոր ու տարրական բանը օրական երկու անգամ' առավոտյան և երեկոյան, լվացումներ անելն է: Իսկ ողջ օրվա համար ցանկալի է ունենալ ինտիմ օգտագործման համար նախատեսված թաց անձեռոցիկներ, որոնք չեն վնասի սեռական գոտու զգայուն մաշկը:
Եթե օգտագործում եք ամենօրյա միջադիրներ, անհրաժեշտ է դրանք փոխել յուրաքանչյուր չորս ժամը մեկ: Այլապես կարող եք ստանալ հակառակ էֆեկտ. նման միջադիրները հաճախ վնասարար միկրոբների առաջացման աղբյուր են դառնում: Ի դեպ, ճիշտ ընտրեք միջադիրները: Ավելի լավ է նախապատվություն տալ հակաալերգիկ միջադիրներին, մանավանդ եթե ունեք զգայուն մաշկ:
Ինչ վերաբերում է խծուծներին (տամպոն), բժիշկները խորհուրդ են տալիս փոխել դրանք ամենաուշը երկու ժամը մեկ, այլապես նորից չեք խուսափի բորբոքային պրոցեսներից: Սեռական օրգանների հիվանդություններ ունեցողներին դրանց օգտագործում խստիվ արգելվում է:
Լողավազանում, գետում կամ ծովում լողալուց առաջ օգտագործեք հատուկ քսուքներ, որոնք կկանխարգելեն բակտերիաների ու վիրուսների թափանցումը օրգանիզմ:
Ճիշտ ընտրեք նաև ներքնազգեստը, այն պիտի լինի հարմարավետ, որպեսզի արյան շրջանառությունը նորմալ կատարվի: Ցանկալի է բնական գործվածքներից կարված ներքնազգեստը, որը մաշկին «շնչելու» հնարավորություն կտա:
Դիտվել է 13639 անգամ
|