Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Նա ինձ համոզեց, որ այդպիսի կինն իրավունք չունի մենակ լինելու

01.02.2012

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը վերջին անգամ Հայաստանում էր 2011թ. նոյեմբերին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» երգեց իր ստեղծագործական գործունեության քսանհինգամյակի կապակցությամբ: Վաղուց նման անշլագ չէի տեսել օպերային ներկայացման ժամանակ: LADYNEWS-ի առաջին հարցազրույցն աշխարհի բոլոր նշանավոր օպերային բեմերը նվաճած երգչուհու հետ է:

-Եվրոպական մամուլը Ձեզ հաճախ է դիվա անվանում: Համամի՞տ եք, նկատի ունեմ՝ Ձեզ դիվա համարո՞ւմ եք:

- Հնարավոր է, բայց' բեմում: Դիվա ընդհանարապես անվանում են օպերային այն երգչուհուն, ով առաջնային դերեր է երգում, ամենաերկարն է լինում բեմում, իր շքեղ հագուստներով առանձնանում է եւ այլն: Բայց ոչ կյանքում. բեմը կյանք տեղափոխելն ամենամեծ ինքնախաբեությունն է: Ես ընդհանրապես փորձում եմ միշտ մնալ գետնի վրա. դա ոչ միայն երգչին է վերաբերում, այլեւ առհասարակ մարդ արարածին, որ իրեն երբեք բարձր չդասի որեւէ մեկից: Անկախ նրանից' դու ինչ հաջողություններ ունես, ինչ մասնագիտություն, բոլորս հավասար արարածներ ենք:

 - Ռոտերդամյան պարբերականներից մեկը Ձեզ հռետորական հարց էր ուղղել' այս փխրուն կնոջ մեջ ո՞րտեղից այդ հերկուլեսյան ուժը, թվում է' օպերան ավարտելուց հետո նա նորից կարող էր սկսել սկզբից: Հիմա հնարավորություն ունենք այդ հարցի պատասխանը լսել Ձեզնից…

- Դա երաշտության ուժն է: Կա նաեւ տեխնիկական պատրաստավածության հարց: Եթե դու այդ հնարներին չես տիրապետում, չես կարող բեմ դուրս գալ: Դա հիմքն է: Եթե երգիչը բարձր նոտաներ վերցնելու մտավախություն ունի, ավելի լավ է' բեմ դուրս չգա: Դա ուղղակի դժոխք է ու տանջանք: Երգելը շատ բնական վիճակ է. պետք է լինի հաճույք:

- Աշխարհի բոլոր ծայրերից լսում ենք, թե ինչ հրաշալի «Նորմա» եք Դուք: Շատ-շատ եք երգել այդ դերը, չնայած Հայաստանում բավականին երկար ժամանակ չեն լսել «բոլոր ժամանակների լավագույն Նորմաներից մեկին», ինչպես անվանում են Ձեզ: Ո՞րն է դերերգի հաջողությունը:

- Ընդհանրապես այս դերերգը սկսել եւ ավարտելը միայն բացառիկ երեւույթ է, որովհետեւ այն երգելու համար պահանջվում է երեք տեսակ ձայն' լիրիկական, դրմատիկական եւ կոլորատուրային: Այսինքն՝ դու պետք է ունենաս ամեն ինչ: Այս դերը երգել կարողանալը ես համարում եմ օրհնություն: Այն երազ է, եւ ոչ միայն սոպրանոների համար: Այս երաժշտության մեջ կա ամեն ինչ: Եվ Նորման ինքը (Բելինի,«ՙՆորմա» -LN): բազմաթիվ հատկանիշների կրող է: Նա այսօր կարող էր լինել քաղաքական գործիչ: Քրմուհի էր, որը կայացնում էր շատ կարեւոր որոշումներ, ես նրան համեմատում եմ, օրինակ, Հիլարի Քլինթոնի հետ: Նա սիրող կին էր, սիրում էր իր թշնամուն եւ ուներ երկու երեխա, որոնց ստիպված էր թաքցնել: Այս կոմպլեքս կերպարը բեմում ներկայացնել կարողանալն իսկապես շատ մեծ երջանկություն է: Ես երգել եմ մոտավորապես քսանյոթ տարբեր բեմադրություններում՝ հարյուր հիսունից ավել ներկայացումներում:

- Բեմում բազմաթիվ կանանց եք մարմնավորում: Ո՞րն է Ձեզ հոգեհարազատ՝ Նորմա՞ն…

- Ո’չ: Այդ տեսակն ինձ չի գրավում: Ինձ համար ամենահուզիչը, ամենասիրած դերերգը Բաթերֆլայն է (Պուչինի,  «Մադամ Բաթերֆլայ»-LN): Սա տասնհինգ տարեկան մի աղջիկ էր, որ ստիպված էր հանդիպել եւ դիմակայել բոլոր տեսակի մարդկային դժվարություններին եւ կյանքն ավարտել ողբերգությամբ: Նա աղքատ էր, հացը վաստակում էր փողոցում երգելով. գեյշա էր, մատուցում էր զանազան ծառայություններ: Երեք տարի սպասում էր իր սիրելիին, պատկերացնում ե՞ք' երե~ք տարի, ու հավատում էր, որ նա գալու է: Դուք պատկերացնո՞ւմ եք' դա ինչ է: Վերջում անձնասպան եղավ, որովհետեւ ստիպված էր: Այսպիսի~ կանացի ողբերգություն, այսպիսի~ կերպար. երկրորդը չկա գրականության մեջ, համենայն դեպս, օպերային գրականության մեջ: Ամենասիրելին է այս դերերգը, բայց ոչ թե որովհետեւ ես կուզեի այդպիսին լինել կամ որեւէ մեկին դա ցանկանում եմ. պարզապես սա ամենահուզիչն է ինձ համար:

- Պատահե՞լ է, որ բեմում անհարմար դրության մեջ հայտնվեք:

- Ի ուրախություն ինձ, ո’չ: Բայց պատահել է, որ խաղընկերներս ձայնը կորցրել են ներկայացման ժամանակ:

- Օգնության հասե՞լ եք, թե ոչինչ անել չեք կարող նման դեպքերում:

- Փորձել եմ ամեն ինչ անել: Ինչ-որ ձեւով ավարտին ենք հասցրել ներկայացումը: Երեւի դա տարիների փորձի շնորհիվ է: Երբեք չի եղել քսանհինգ տարվա ընթացքում, որ հրաժարվեմ բեմադրությունից: Միայն մեկ անգամ… Ներկայացումն արդեն պատրաստ էր, երբ ես մեկ շաբաթ առաջ ստիպված էի հրաժարվել, որովհետեւ իմացա, որ հղի եմ, մայր պիտի դառնամ:

- Հուզմունքի՞ց չկարողացաք:

- Ո’չ, ֆիզիկապես չէի կարող: Բարդ բեմադրություն էր. ես պիտի ցատկեի անընդհատ, եւ դա շատ մեծ ռիսկի հետ էր կապված: Եվ դիրիժորը ինձ մի շատ իմաստուն բան ասաց. ՙԵս գիտեմ, որ դու հարյուր տոկոսով չես կարող լինել բեմում, ուրեմն ես հանգիստ չեմ կարող լինել: Եվ եթե, Աստված մի արասցե, որեւէ բան պատահի, դու քեզ երբեք չպիտի ներես: Լեդի Մակբեթներ նորից կերգես, բայց սա կարող է մայր դառնալու միակ առիթն է՚:

- Իսկ կարիերա՞ն է պատճառը, որ Սիրանույշը Ձեր միակ զավակն է:

- Այո, ես ընդհանրապես չէի պատրաստվում ամուսնանալ: Եվ երեխա ունեցա ամուսնանալուց ութ տարի հետո: Ես ունեի սարսափելի ծանրաբեռնված գրաֆիկ: Երբ նոր էի գնացել Գերմանիա, այդ ռիթմը շատ անսովոր էր: Չորս շաբաթ, եւ ամբողջովին պիտի պատրաստ լինես, օրը ութ ժամ անցկացնես փորձասենյակում, որոնք պատուհաններ չունեն, ունեն միայն նեոնային լույս, արհեստական օդափոխիչներ, եւ դու այդտեղ չորս շաբաթ աշխատում ես: Ես այնքան տարված էի իմ այդ գործունեությամբ, որ չէի մտածում նույնիսկ այլ բանի մասին: Երբ մայրս եկավ, ինձ տեսավ բոլոր թատրոններում' Նյու Յորքում, Փարիզում եւ այլուր, ասաց. ՙՀաջողությունները շատ լավ են, սա հրաշալի է, բայց եթե մայր չդառնաս, ես կտխրեմ՚: Իսկ մայրս գիտե±ք ինչպիսին է. նա երբեք ինձ նկատողություն չի արել, չեմ հիշում, որ բարձր ձայնով երբեւէ ինչ-որ բան ասած լինի… Սա առաջին անգամ էր, որ նա ինչ-որ բան ուզեց: Ես ասացի' բայց ախր ինչպե~ս կարող եմ այս ռիթմի հետ, ասաց' եթե մի օր որոշես, իմացի’ր, որ քո կողքին եմ: Երեխա ունեցա քառասուն տարեկանում, եւ մայրս Սիրանույշի ծննդյան օրից նրա կողքին է քսանչորս ժամ: Եվ դրա շնորհիվ, Սիրանույշը երբեք չի ունեցել օտար դայակ:

- Սիրանույշի ծնունդով ինչքանո՞վ կյանքը փոխվեց:

- Փոխվեց առաջին հերթին այնքանով, որ ես սկսեցի վախենալ ինքնաթիռ նստելուց: Առաջ ուղղակի նստում էի ու իջնում, իսկ հիմա աղոթում եմ, որ իջնեմ. ինձ սպասում են… Չէի կարող պատկերացնել, թե դա ինչպիսի պարգեւ է բնության կողմից:

- Ասացիք՝ որոշել էիք չամուսնանալ: Ինչ եղավ, որ փոխեցիք այդ որոշումը:

- Ամուսնությունները վերջին հաշվով երկնքում են կատարվում: Ես հավատում եմ դրան: Մեր հանդիպումը շատ հետաքրքիր տեղի ունեցավ: Ես երգում էի Նորմա Գերմանիայի Հալբոն քաղաքում, եւ իմ ապագա ամուսինը' Կոնրադը (Կոնրադ Կուհն-LN) նստած է լինում դահլիճում: Ներկայացումից հետո նա եկավ կուլսիներ, ծանոթացանք, մի քանի բառ փոխանակելուց հետո գնաց: Հետո պատմեց, որ երբ ես երգել եմ  «Casta diva»-ն' հայտնի արիան, ասել է ինքն իրեն.«ՙԵս ուզում եմ տեսնել այս կնոջը մոտից»: Շատ հետաքրքիր էր, որ այնպես ստացվեց' ես այդ քաղաքում մնացի երկու շաբաթ. դա հյուրախաղային ներկայացում էր, երբ գնում ես խմբի հետ, երգում եւ անմիջապես վերադառնում: Հետո, ես պիտի գնայի այդ քաղաքում ձայնասկավառակների խանութ. պայմանավորվածություն ունեի' պիտի ստորագրեի: Նա խնդրել էր տնօրենին, որ ինքն ինձ ուղեկցի: Եկավ, ուղեկցեց, խոսեցինք մի փոքր: Այնտեղից ես մեկնեցի Լյուքսեմբուրգ եւ ներկայացումից առաջ ստացա նրա ուղարկած ծաղկեփունջն ու բացիկը' բարեմաղթանքներով: Հետո Կոպենհագեն գնացի, նույն պատմությունը. այսպես ինձ հետեւում էր, միշտ ողջույններ էր ուղարկում: Հետո մի օր ինքը հայտնվեց, սկսեցինք հանդիպել: Ես առաջարկ ստացա Բոննից' երգելու  «Տոսկա»: Երրորդ օրը, երբ եկա Բոնն, մետրոյում շտապելուց ընկա եւ կոտրեցի ոտքս: Եվ սա նրա համար շատ մեծ առիթ էր… Ես, իհարկե, ծնողներիս չասացի, որովհետեւ, ի՞նչ իմաստ ուներ. չպիտի կարողանային գալ: Ինձ խնամեց նա, ասեմ' շատ լավ: Վեց շաբաթ ոտքս մնաց գիպսի մեջ: Դա մեկուկես տարի անց էր մեր հանդիպումից, եւ մի դեպք, երբ իրար ավելի լավ պիտի ճանաչեինք: Ապա մտածեցի' ինչու ոչ: Նա ինձ համոզեց, որ այդպիսի կինն իրավունք չունի մենակ լինելու: Մենք ամուսնացանք:

- Շա՞տ խոստումներ տվեց:

- Ոչ, երբեք: Ոչ մի խոստում չտվեց եւ մինչեւ հիմա էլ խոստումներ ընդհանրապես չի տալիս: Հետաքրքիր մի բան կա. մենք շատ լավ ընկերներ ենք, ունենք ընդհանուր հետաքրքրություններ, նա շատ արվեստասեր է, մասնագիտությամբ' փիլիսոփա-բանասեր, դրամատուրգ: Հրաշալի նվագում է դաշնամուր, նրա տատիկը եղել է դաշնակահարուհի, հայրը' ճարտարապետ, հորաքույրը' խեցեգործ, այսինքն' մշակութային ընտանիք են: Հետաքրքիր մարդ է: Օրինակ' երբեք չի հիշում մեր հանդիպման օրը, ամուսնության օրը. ասում է' դրանք պայմանականություններ են, ամեն օրը մեր հանդիպման առաջին օրն է: Քանի որ բավականին երկար ժամանակով հեռու ենք լինում իրարից, երբ հանդիպում ենք, այդ հանդիպումները շատ բուռն են լինում, քննարկելու բազմաթիվ թեմաներ ենք ունենում: Այդ վստահությունը, համերաշխությունը մեր աղջկա ծնունդից հետո ավելի ամրապնդվեց, որովհետեւ մենք պարտականություն ունենք այս երեխայի հանդեպ: Եթե անգամ իրար հետ ինչ-որ խնդիր ունենք, իրավունք չունենք երեխային զրկել լիարժեք մանկությունից: Դրանով է արտահայտվում մեր սերը մեր աղջկա հանդեպ: Երբեք չենք վիճում երեխայի ներկայությամբ, եթե հարցեր ունենք լուծելու,ուրեմն' առանձին: Մեր տանը ներդաշնակ, սիրով լեցուն մթնոլորտ է:

- Ամեն դեպքում, վիճելու առիթներ լինում են, չէ՞:

- Իմ ամուսինը շատ ոչ պրակտիկ է կենցաղային հարցերում: Նրան հեշտությամբ կարող են խաբել խանութներում, նա կարող է գնել ինչ-որ սխալ բաներ. թեթեւ խնդիրն են լինում' կազմակերպչական հարցերի հետ կապված, բայց ոչ խոշոր վիճաբանություն: Կամ, նման մի բան. երբ նա հայերեն էր սովորում եւ ուզում էր կատարյալ տիրապետել, փողոցը երեխայի հետ սարսափելի երթեւեկության պայմաններում անցնելիս կարող էր հարցնել'  «միրգը» «գ՚»ով է գրվում, թե «ք»-ով: Դե, պատկերացրե’ք իմ ռեակցիան: Կամ, զանգահարում եմ, օրինակ, Ճապոնիայից' կարճ հարցնելու համար ինչպես են, նա կարող է սկսել երկար մի պատմություն պատմել ինչ-որ բանի մասին, այդտեղ ես բռնկվում եմ, որովհետեւ ժամանակ չունեմ, փորձերս են սկսվում եւ այլն:

- Սիրանույշի հետ ունենո՞ւմ եք զուտ «կանացի»  զրույցներ:

- Այո~:

- Իսկ որո՞նք են այն խորհուրդները, որ տալիս եք նրան' որպես կին: Աղջկա դաստիարակությունը երբվանից է սկսվում:

- Ես իմ օրինակը պիտի փոխանցեմ նրան. ինձ չեն դաստիարակել' այդ բառի ընդունված իմաստով: Ինձ համար օրինակ է եղել իմ մոր ապրած կյանքը, նրա կենցաղը: Պատառաքաղ-դանակից օգտվելու մասին չէ խոսքը. դա մանկապարտեզում էլ են սովորեցնում: Բայց այ' ունեցածդ ուրիշի հետ կիսելը, կամ քչով բավարարվելը, հացը երբեք աղբարկղ չնետելը, շռայլություններից, շքեղություններից զերծ մնալը եւ նման բաները ընտանիքից ես սովորում:

- Իսկ հատկապես ի՞նչ եք սովորել Ձեր մորից, ո՞վ է այդ իմաստուն կինը:

- Շատ պարզ, հասարակ հայուհի' Գյումրիից: Փոքր ժամանակից տեսել եմ աշխատասիրություն, անսահման նվիրվածություն, համբերատարություն: Ինձ թվում է' համբերատարությունը ես ժառանգել եմ նրանից: Եվ դա համարում եմ բնավորության շատ կարեւոր գիծ:

- Ձեր նշած համբերատարությունը նույնանո՞ւմ է խոնարհության հետ:

- Դա ուրիշ համբերատարություն է, խոնարհությանը ես միշտ չէ, որ համաձայն եմ: Միշտ չէ, որ կինը պիտի խոնարհ լինի. ինչու: Մայրս չափից ավել խոնարհ է, բայց դա նրա ապրած դարն է….Համակերպվել այն պայմաններին, որ կա. ինչո՞ւ, չփոխես, եթե կարող ես:

- Դուք նոր ժամանակների կին եք: Հավասարությա՞ն կողմնակից եք:

- Այո’, ինչու չէ, նաեւ առաջ տանողի դերում լինելու: Գիտե՞ք' կանայք ընդհանրապես ունեն այդ հնարավորությունը: Նրանք ունեն այդ բնազդը, ինտուիցիան' բնությունից:

- Իսկ եթե Սիրանույշը Ձեզ պես որոշում կայացնի' չամուսնանալ, ինչպե՞ս կարձագանքեք:

- Եթե չգտնի իր կեսին, ես կնախընտրեմ չամուսնանալ: Եթե պիտի ամուսնանա միայն ամուսնացած լինելու համար, ավելի լավ է' չամուսնանա: Մարդն ամուսնանում է երջանիկ լինելու համար:

- Սո՞ւր եք վերաբերվում տարիքի խնդրին, ինչպես շատ կանայք:

- Ոչ, ես ուրախանում եմ, որ մի տարի եւս ապրեցի ու մեծացա եւս մի տարով: Ամեն տարիք ունի իր հմայքը: Դեմ եմ բոլոր տեսակի պլաստիկ վիրահատություններին: Վստահ եմ, որ երբեք չեմ դիմելու դրան: Բնությունը խմբագրել, նորոգել հնարավոր չէ ու չարժի: Բայց հասկանում եմ այդ քայլին դիմողներին. դա շատ անհատական մոտեցում է պահանջում: Կնոջ գեղեցկությունը նրա ներքին վիճակն է առաջին հերթին: Եթե հավասարակշռված ես, երջանիկ ես, բավարարված ես, դա արտահայտվում է դեմքի վրա, նույկերպ' նեգատիվ զգացողությունները: Իհարկե, թող չթվա' ես խնդիրներ չունեմ. դրանք անթիվ են, բայց իմն են, չեմ կարող փաթաթել մարդկանց վզին: Եթե ուզում ես գեղեցիկ լինել, նաեւ ինչ-որ բաներից քեզ պիտի զրկես:

- Ինչի՞ց օրինակ:

- Ասենք, շատ չուտել, հատկապես' քաղցրը: Այլապես քառասունից հետո կարող ես հեշտությամբ գիրանալ: Ինչ-որ մարզանքները պարտադիր են:

- Տնայի՞ն պայմաններում:

- Այո, ես այդ սրահները չեմ սիրում, սարքերը… Կարեւորը շարժումն է, իսկ դա տանն էլ կարող ես անել: Բեմադրություններ կան, որ այդ ութ շաբաթից հետո ոսկորներս ցավում են արդեն եւ պետք է վերական•նել ֆիզիկական վիճակդ: Սիրում եմ շատ քայլել, մեքենա չեմ վարում: Վիեննայում ամեն ինչ շատ մոտ է ինձ, կարող եմ քայլել: Գիտեմ վարել, ունեմ իրավունք, բայց չեմ օգտվել: Ավելի շատ հեծանիվ եմ վարում:

- Շատ խնամված տեսք ունեք: Թանկարժեք կոսմետիկա՞  եք օգտագործում:

- Շատ քիչ կոսմետիկա ունեմ, հիմա եթե ցույց տամ, կխղճաք ինձ: Բեմում, դե իհարկե ուրիշ է, գրիմը իրենք են անում: Չեմ ծխում, չեմ հայտնվում այն միջավայրում, ուր ծխում են, չեմ խմում, միայն երբեմն' կարմիր գինի կամ կոնյակ: Երբեք չեմ հաճախել դիսկոտեկներ: Ներկայացումներից հետո էլ չեմ սիրում երկար-բարակ խնջույքները, խոսակցությունները: Ընդհանրապես աշխատում եմ քիչ խոսել:

- Ասացիք' Ձեր ամուսինը հոբելյաններին ուշադրություն չի դարձնում, բայց յուրաքանչյուր կին կարծեմ ուշադրություն սիրում է…

- Մենք անգամ հարսանիք չենք արել, որովհետեւ, ես գիտեք, քանի անգամ եմ ՙամուսնացել՚ բեմի վրա, հարսանեկան զգեստ կրել եւ դրա կարիքը չէի զգում իրական կյանքում, գուցե տարիներ հետո ափսոսամ, չգիտեմ: Ուշադրության խնդիր չկա, որովհետեւ դրա պակասը երբեք չեմ զգացել: Տարեդարձս միշտ հիշում է, իսկ հնարված տոների հանդեպ ուղղակի հակակրանք ունի:

- Վերջին հարցազրույցներից մեկում նշել եք, որ մոտ ապագայում հեռանալու եք բեմից: Անսովոր չի՞ լինի, ինչո՞վ եք զբաղվելու հետո:

- Այո’, պիտի տեղ տալ երիտասարդներին: Հետո երեւի վարպետության դասեր կտամ, կփոխանցեմ իմ կուտակած փորձը: Վերջապես կապրե’մ մի քիչ: Քսանհիգ տարի անդադար երգել եմ: Ուզում եմ առավոտյան արթնանալ ու իմանալ, որ այսօր սովորելու բան չունեմ: Միչեւ հիմա ապրում եմ դպրոցականի ռեժիմով: Եվ ոչ ոք քեզ չի կարող օգնել բեմի վրա, դու մենակ ես: Տրված է' պիտի անգիր անես, դա դո’ւ պիտի անես: Վարագույրը բացվեց, դու ես բեմում' մենակ: Մինչեւ հիմա սովորել, սովորել, սովորել…

- Դուք հիմա օրինակ եք շատերի համար, Ձեզ համար ովքե՞ր են ժամանակին օրինակ եղել:

- Մեզ համար, օրինակ, այդպիսին էին Ֆաինա Ռանեւսկայան, Տաթեւիկ Սազանդարյանը: Վերջինս հայոց մեծ տիկինն էր, երբ մի տեղ էր մտնում, մարդիկ ձգվում էին անկախ իրենցից, այնքան մեծ պատկառանք կար նրա հանդեպ: Նրա հետ խոսելը, խորհուրդները լսելը պատիվ էր ինձ համար: Այդպիսի անհատականություններ հիմա շատ քիչ կան: Ընդհանրապես փորձել եմ սովորել բոլորից, հիմա էլ: Ամեն տեղ, միշտ եթե լավ բան եմ տեսնում, վերցնում եմ, սովորում:

Հարցազրույցը՝ Տաթեւ Մադաթյանի


Դիտվել է 9895 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 599 անգամ
22.03.2024
Դիտվել է 264 անգամ
26.03.2024
Դիտվել է 166 անգամ
28.03.2024
Դիտվել է 122 անգամ
27.03.2024
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster