81-ամյա ամերիկուհին կամավոր է Հայաստանի գյուղերում
14.02.2012
«Ես դեռ շատ անելիքներ ունեմ և ամենևին չեմ պատրաստվում մահանալ»,- Էմիլի Դյուհըրթս:
81-ամյա ամերիկուհի Էմիլի Դյուհըրթսը Հայաստանում է' օգնելու մարդկանց: Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) օժանդակությամբ Էմիլին Հայաստանում բարեգործությամբ է զբաղվում: Մի փնտրեք նրա հայկական արմատները. նման բան չկա: Փոխարենը գտեք հումանիստին, անկրկնելի, առեղծվածային կնոջը:
- Հիմնականում ինչո՞վ եք զբաղվում Հայաստանում, տիկին Էմիլի:
-Միակ բանը, որով կարող եմ օգտակար լինել հայերին, ուսուցչությունն է: Ես լեզուների մասնագետ եմ, անգլերենի ուսուցիչ: COAF-ի հետ միասին Հայաստանի մարզերի և գյուղերի դպրոցներում փորձում ենք բարձրացնել անգլերենի իմացության մակարդակը, որը, հավատացեք, շատ ցածր է: Դրա պատճառը հասկանալու և խնդիրը լուծելու համար պետք է արմատներից սկսենք: Այդ իսկ պատճառով ես դասընթացները կազմակերպում եմ ուսուցիչների հետ: Ավելի արդյունավետ է, երբ բարձր է ուսուցչի իմացության աստիճանը: Այսպես ես սովորեցնում եմ ուսուցչին, իսկ նա' աշակերտներին:
-Ինչո՞ւ հենց Հայաստանում:
-Ինձ համար նշանակություն չունի' որտեղ, կարևորը զգաս, որ քո կարիքն ունեն այդտեղ: Ինձ հաճախ են հարցնում' որ ազգից եք, որ երկրից եք: Ես պատասխանում եմ' ես աշխարհից եմ: Ընդհանրապես ինձ համար գոյություն չունի «մեր երկիր - ձեր երկիր» հասկացությունը: Ես ապրում եմ մի մեծ աշխարհում, որտեղ յուրաքանչյուր մարդ իմ հարևանն է, իմ հարազատն է: Ես սիրում եմ մարդկանց, սիրում եմ աշխատել նրանց հետ: Ինչ մենք կարողանում ենք տալ, դրա համարժեքն էլ ստանում ենք:
-Ինչպե՞ս եք կարողանում այդ տարիքում այդքան ուժ, էներգիա և ցանկություն գտնել Ձեր մեջ:
-Ես այդքան ուժե՞ղ եմ երևում (ծիծաղում է-LN): Իրականում ես ժամանակ չունեմ թույլ լինելու: Ժամանակ չունեմ մտահոգվելու իմ էներգիայի կամ տարիքի մասին: Հենց ես մտածեմ այդ մասին, ես կմահանամ: Բայց ես դեռ շատ անելիքներ ունեմ և ամենևին չեմ պատրաստվում մահանալ (ծիծաղում է-LN): Էներգիան գալիս է, երբ մենք աշխատում ենք, երբ մենք ցանկանում ենք օգտակար մի բան անել: Իսկ ուժը հենց ներքին ցանկությունն է, որի առկայության դեպքում անհնարինը դառնում է հնարավոր:
-Համաձա՞յն եք, որ 40-ից հետո դեռ նոր է սկսվում կնոջ կյանքը:
- Քառասո՞ւն, ո՛չ, կնոջ կյանքը սկսվում է 60-ից հետո: Այդ տարիքում դու սկսում ես ավելի խորը մտածել, սկսում ես ինքդ քեզ ժամանակ հատկացնել: Մինչ այդ ընտանեկան խնդիրները կնոջը միշտ պահում են մի առանցքի շուրջ: Կնոջ կյանքը սկսվում է, երբ նա ծնվում է: Նրա առաքելությունն իր ուսերին է հենց ծնվելու պահից:
-Ի՞նչն է, ըստ Ձեզ, ամենից կարևորը կնոջ համար:
-Կինը պետք է իմանա իր արժեքը, գիտակցի իր կարևորությունը: Հակառակ դեպքում նա հաջողության չի հասնի:
Զրուցեց Նելլի Ղարիբյանը Դիտվել է 2429 անգամ
|