Տեառնընդառաջի նորաձեւություն
10.02.2012
Տեառնընդառաջին ընդառաջ, արդեն եռուզեռ է սկսվել գեղեցկության եւ նորաձեւության երեւանյան սրահներում: Ինչքան էլ որ Տեառնընդառաջը (ժողովրդական տարբերակը՝ Տրնդեզ) համարվում է հստակ ավանդույթներով տոն, նորույթ, թարմ մոտեցում մարդիկ փնտրում են նաեւ նրան պատրաստվելիս: Ինչպես LN-ի հետ զրույցում նշեց «Էմ Ջեյ Էն» հարսանյաց եւ նորաձեւության սրահի մենեջեր Նատալի Ավագյանը, առանձնահատուկ դեկորացիաները պահանջարկ ունեն նաեւ այս տոնին, սակայն հիմնականում պատվիրատուն ուզում է, որ ավանդականը լինի մոդերն աքսեսուարի հիմքում:
Ժամանակին նորապսակների գլխին այդ օրը կորեկ ու գարի են ցանել, որն ունի պտղաբերության խորհուրդ: Դրան հետագայում փոխարինելու եկավ մերօրյա աղանձը, իսկ այսօր այն տոնի սիրահարները չեն պատկերացնում առանց ադիբուդու (փոփկորն), գունավոր կոնֆետների, շաքարապատ սիսեռի... Տեառնընդառաջի նորաձեւություն են մտել տարատեսակ մոմերը: Խարույկի շուրջը հավաքվող մարդիկ մոմ են ունենում ձեռքներին (հիմնակում՝ կարմիր), որը վառում են տոնական կրակից եւ տուն տանում: Քանի որ տոնի հիմնական արարողությունը՝ խարույկ վառելը, դրսում է լինում, նորաձեւ է դարձել նաեւ տանը՝ սեղանին, դեկորատիվ խարույկ ստանալը: Դա սովորաբար լինում է փոքրիկ ճյուղերով, տարբեր ներկանյութերով ու վառ երեւակայությամբ ստացված դեկորացիա: Դիտվել է 7672 անգամ
|